Ադրբեջանցիները պահանջել են մեկ օրում ազատել Շուռնուխ գյուղի կեսը. Գորիսի փոխքաղաքապետ

Գյուղի այդ հատվածում 12 տուն կա, որոնց բնակիչներին մեկ օր ժամանակ է տրվել գյուղից հեռանալու համար։
Sputnik

Երևան, 29 դեկտեմբերի-Sputnik. Ադրբեջանցիները պահանջել են մեկ օրում ազատել և իրենց հանձնել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Բարի գալուստ Ադրբեջան. ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ցուցանակ են տեղադրել

«Երբ բնակիչները բոյկոտել են, ադրբեջանցիներն ասել են` ձեր իշխանություններն արդեն տասը օր պետք է ձեզ տեղյակ պահեին, որ այդ տարածքները մերն են։ Սակայն նման բան չի եղել. ո՛չ գյուղի բնակիչները, ո՛չ համայնքային իշխանությունները տեղյակ չեն եղել, որ գյուղի կեսը պետք է հանձնվի։ Երևի մեզ որոշել էին «ամանորյա անակնկալ» անել», – ասաց Հովսեփյանը։

Գյուղի այդ հանձվնելիք հատվածում 12 տուն կա, որոնց բնակիչներին մեկ օր ժամանակ է տրվել գյուղից հեռանալու համար։ Տեղացիները պատրաստվում են զինված ինքնապաշտպանության։

«Վարչական ներկայացուցիչն արդեն կոչ է արել մարտական ընկերներին հավաքվել զենքերով և անցնել ինքնապաշտպանության։ Աստված մեզ հետ, Սյունիքը պետք է ամեն ինչ անի, որ իրեն պահի։ Մեծն Նժդեհն ասում էր` Սյունիքը Հայաստանի ողնաշարն է։ Ով չի հասկանում, որ Հայաստանի ողնաշարը ջարդվելուց հետո Հայաստանն էլ է ջարդվելու, թող մի քիչ կարդա», – ասաց փոխքաղաքապետը։

Նրա խոսքով` իշխանություններն ադրբեջանամետ քաղաքականություն են վարում և օրեցօր նոր տարածքներ հանձնում։

«Ողջույններ Էլչիբեյին Սյունիքից` ամեն օր նոր հողեր հանձնելու համար», – ասաց փոխքաղաքապետը վերջում` նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Սյունիքում ունենք անվտանգային հիմնահարց. հայ–ռուսական հարաբերություններն ու Փաշինյանը

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հնարավոր է` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների հետևանքով Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից 12-ն ադրբեջանական տարածքում հայտնվեն։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ տները կադաստրային քարտեզով գյուղի տարածքում են, բայց ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն Ադրբեջանական ԽՍՀ–ի տարածքում է եղել։ Վիճարկելի տարածքում է հայտնվել նաև Որոտան գյուղը։

Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի որոշ տեղերում կտեղակայվեն ռուս սահմանապահ ուժեր։

Մասնավորապես, դրանք կտեղակայվեն Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում և Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածում։ Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

Տևական ժամանակ է` Google-ը ջնջել է Ղարաբաղի սահմանները. Պապյանը` քարտեզների մասին

Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ սահմաններին, Սյունիքում ու Արցախում, կատարվում է բացառապես եռակողմ հայտարարության շրջանակներում։

Նշենք, որ մասնագետների խոսքով` միջազգայնորեն ընդունված նորմերով պետական սահմանների դեմարկացիա (սահմանագծում) իրականացնելուց առաջ նախ պետք է իրականացնել դելիմիտացիա (սահմանազատում), որը պարտադիր ենթադրում է նախապատրաստական լուրջ աշխատանք` երկու երկրների ու միջազգային արբիտրի մասնակցությամբ, ու նաև 2 պետությունների միջև պայմանագրի կնքում։

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունքի սահմաններին, չի կարելի համարել համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։