Եվս 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան

Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկական ու բարոյահոգեբանական աջակցություն»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է:

Հիշեցնենք, որ 44 հայ գերիներին տեղափոխող առաջին ինքնաթիռը «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց դեկտեմբերի 14-ի գիշերը։ Արդեն դեկտեմբերի 15-ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց ևս մեկ քաղաքացիական անձի։ Վերադարձել էին այն քաղաքացիները, որոնց գերեվարման փաստը հաստատվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Բաքվի կողմից։ Նախնական տվյալներով՝ նրանցից 30-ը զինծառայողներ են, 15-ը՝ քաղաքացիական անձիք։

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։

Եվս 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում` հայ զինվորականների գերեվարման հավանականությունը պարզելու, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ հաստատեց, որ ըստ նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։

Հետո հայտնի դարձավ, որ ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։