Չնայած այգիների ու վարելահողի մի մասի կորստին՝ երկու-երեք տարի հետ Արցախը նորից կկարողանա իրեն ապահովել առնվազն հիմնական մթերքով։ Նման կարծիք են հայտնում գյուղատնտեսաության տեղի մասնագետները։
Վերջին տարիներին հիմնականում նոր այգիները մշակում էին երկրի հարավում՝ Արաքսի առափնյա գոտում, որտեղ շատ ավելի հեշտ է ոռոգում կազմակերպել։
Վերջին տարիներին այստեղ մոտ 2 500 հա մերձարևադարձային մշակաբույսերի այգիներ էին հիմնվել (հիմնականում նռան ու արմավի), մի մասը ժամանակակից՝ կաթիլային ոռոգմամբ։ Դրանցից մոտ 500 հեկտարը մնացել է Արցախի վերահսկողության տակ։
Ղարաբաղում մի քանի տասնյակ հազար հեկտար վարելահող էր օգտագործվում։ Դրա շնորհիվ կերակրացորենի ու մթերային ցորենի մի մասը հունիսին ու հուլիսին Հայաստան էր բերվում, հենց այն ժամանակ, երբ ՀՀ-ում բերքահավաքը դեռ չէր սկսվել։ Դա օգնում էր կրճատել կախվածությունը ներմուծումից։
Օրերս Արցախի ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարի աշնանացան վարն անցկացվել է մոտ 14 հազար հեկտարի վրա՝ նախկին 70-ի փոխարեն։
Սակայն Արցախի գյուղատնտեսության նախկին նախարար Բենիկ Բախշյանը վստահ է, որ երկու-երեք տարում հանրապետությունը կկարողանա ապահովել առնվազն հացաբույսերի ներքին պահանջարկը։
Փայտ կտրելիս, անասուն արածեցնելիս չհատել սահմանը. Սյունիքի մարզպետը զգուշացնում է
Խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ը մոտ 4,5 հազար քառակուսի կիլոմետր էր զբաղեցնում, այնտեղ արտադրվում էր ավելի շատ հացահատիկ, քան սպառվում էր։ Այսօր դա ավելի քան հնարավոր է, քանի որ նախորդ տասնամյակների ընթացքում հայտնվել են նոր տեսակներ ու նոր տեխնոլոգիաներ։
Ունենալով սեփական հացահատիկ՝ կարելի է վերականգնել կերակրային բազան անասունների համար։
Մինչ 90-ականները Ղարաբաղում կար մոտ 100 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն ու գրեթե այդքան էլ խոզ։ 2000-ականներին կովերը երկու անգամ, իսկ խոզերը՝ մոտ երեք անգամ քիչ էին։ Բախշյանը նշում է, որ մոտ 300 հազար փոքր եղջերավոր անասուն կար, իսկ հիմա դրա մեկ տասներորդն է։ Հիմա հնարավոր է ու պետք է վերականգնել այդ ծավալները։
Բախշյանը նշում է, որ Արցախի Հանրապետության չօկուպացված հատվածում, ընդհանուր առմամբ, կարելի է 50 հազար հեկտար վարելահող օգտագործել (այսինքն՝ 3-4 անգամ ավելացնել դրա մակերեսը – խմբ․)։
Անհրաժեշտ է միայն հողաբարելավում անցկացնել մոտ 25-30 հազար հեկտարի վրա՝ դրանք մակերեսային էրոզիայից ազատելու համար։ Դրանք հենց այդ պատճառով երկար տարիներ չեն օգտագործվել։
Անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնել կերային բազան, քանի որ հիմա և՛ Արցախում, և՛ Սյունիքում արոտավայրերը կրճատվել են։ Այն, ինչ հայկական կողմի վերահսկողության տակ է մնում, պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործել՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Քանի որ ժամանակին դրա մասին հոգ չեն տարել, տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում։
Այժմ կովերը, որոնք սովորաբար 400-500 հազար դրամ արժեն, Հայաստանի հարավում վաճառվում են երեք անգամ ավելի էժան՝ 150-200 դրամով։ Ընդ որում՝ եթե միջնորդ է գնորդը, ապա ղարաբաղցիներից կամ Գորիսի ու Կապանի գյուղացիներին անասունն ավելի էժան են գնում՝ 60-70 հազար դրամով։ Այս տվյալները ներկայացնում է գյուղատնտեսության փորձագետ Աշոտ Խաչատրյանը։
Նոր Մարաղայի բնակիչ Վագիֆ պապն անասուններին էլ է հետը տանում. տեսանյութ
Ինչ վերաբերում է խաղողին՝ այստեղ էլ է պետք վերականգնել այգիների ու բերքի խորհրդային ծավալները։ 80-ականների կեսերից, այսինքն՝ Գորբաչովի «չոր օրենքից» հետո ԼՂԻՄ-ում (4,5 հազար քառակուսի կիլոմետրի վրա) 18 հազար հա խաղողի այգի կար, որից ավելի քան 100 հազար տոննա բերք էին հավաքում։ 90-ականների պատերազմից հետո մնաց ընդամենը երկու հազար, բայց հետագայում այգիները չեն վերականգնվել։
Արդյունքում Արցախում մնաց մոտ մեկուկես հազար հեկտար, ու նախորդ տարի դրանից միայն 8 հազար տոննա բերք են ստացել։ Խաղողի այգիների մեծ մասը մնացել է։
«Բացի «Կատարոյից» ու մեկ-երկու գինու գործարաններից, մնացած այգիներն ու արտադրական հզորությունները մնացել են, ու դրանք իրացման հետ խնդիրներ չունեն», - նշում է Բախշյանը։
Ելքը գյուղատնտեսությունը տեխնոլոգիապես նոր մակարդակի հասցնելն է։ Այդ հարցում համակարգված մոտեցում չկար ո՛չ ՀՀ-ում, ո՛չ Արցախում։ Ինտենսիվ այգիներն ավելի քիչ են, քան հնարավոր է, իսկ ցեղական ֆերմաները կարելի է մատների վրա հաշվել։ Այդ պատճառով գյուղատնտեսությունը չի տալիս այն եկամուտը, որով կարելի է ապրել՝ չմտածելով վաղվա օրվա մասի։ Բուն Հայաստանի Հանրապետությունում արոտավայրերի 45%-ը չի օգտագործվում, իսկ աշնանացանի տարածքը վերջին 15 տարվա ընթացքում երկուսուկես անգամ կրճատվել է։
Գյուղատնտեսության նորացման բարդ գործը միշտ հետաձգվում էր։ Հիմա արդեն էլ չի կարելի։