ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ցեմենտի ներմուծման համար պետական տուրքը մեկ տոննայի դիմաց կպահպանվի. այն կազմում է 14 000 դրամ: Կփոխվի միայն անունը. տուրքը կվերանվանվի լիցենզավորման վճարի: Տեղեկությունն ԱԺ արտահերթ նիստում, նախագծի ներկայացման ժամանակ, հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը։
«Հաշվարկները ցույց են տալիս, որ 14 000-ն այն շեմն է, որի դեպքում Իրանից ներկրված ու Հայաստանում արտադրված ցեմենտների գները մոտիկ են լինում իրար»,- ասաց Ավանեսյանը:
Ավանեսյանը հայտնեց, որ ներկայում ՀՀ ներմուծվող ցեմենտի ու դրա հումքի՝ կլինկերի ծավալները նվազել են, տեղական արտադրության ծավալներն՝ աճել:
«Ռիալի արժեզրկումը և էներգետիկ քաղաքականությունը բերում են նրան, որ կարճաժամկետ հատվածում մեր ներքին արտադրողները մրցունակ լինել չեն կարող՝ առանց համապատասխան տուրքի կիրառության»,- ասաց փոխնախարարը:
Նշենք, որ այսօր Հայաստանում գործող օրենքով ներմուծվող ցեմենտի ու կլինկերի նկատմամբ պետական տուրք չի կիրառվում, իսկ Հայաստանում արտադրված ցեմենտի վրա 2019թ-ի հուլիսից սկսած` 1 տոննայի դիմաց 14 000 դրամի չափով տուրք է սահմանված։
Արդյունքում` «Արարատ ցեմենտ» գործարանում արտադրված տեղական ցեմենտի ինքնարժեքը կազմում է 36 200 դրամ, «Հրազդան ցեմենտ»–ում արտադրվածը` 39 500 դրամ։
Տուրքը չի փոփոխվել․ ցեմենտ ներմուծող գործարարներին «փրկօղակ» են նետել
Մինչդեռ, Իրանից ներկրվող ցեմենտի ինքնարժեքը, Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով, շուրջ 18 000 դրամ է, իսկ Իրանից ներկրված կլինկերից ՀՀ–ում արտադրված ցեմենտի ինքնարժեքը` 26 000 դրամ։