Քննչական կոմիտե վերադառնալն ինձ համար պատիվ է. Արգիշտի Քյարամյան

Արգիշտի Քյարամյանը քննչական կոմիտե է վերադարձել աշխատանքի։ ՔԿ նախագահը ներկայացրել է նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Քննչական կոմիտե վերադառնալը ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արգիշտի  Քյարամյանի համար պատիվ է, առավել ևս՝ պետության համար այս շատ կարևոր ժամանակահատվածում: Քյարամյանը նման կարծիք է հայտնել այսօր, երբ  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրել է նրան։

Ինչու է պաշտոնանկ արվել Քյարամյանը, և ինչ կապ ունեն հայ–ռուսական հարաբերությունները

«Կարծում եմ՝ քննիչի աշխատանքն իրավաբանության կարևոր գործառույթներից  մեկն է, որովհետև քննիչն այն դարբինն է, որը կռում է իրավաբանությունը»,–ասում է Քյարամյանը։

Հայկ Գևորգյանն էլ հայտնել է, որ վստահ է` Քյարամյանը, ունեցած փորձառությամբ, գիտելիքներով, շատ օգտակար կլինի  Քննչական կոմիտեի առջև դրված խնդիրների լուծման գործում: «Հրամանով հաստատվել են նաև այն ոլորտները, որոնք համակարգելու է ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալը»,- ասել է ՔԿ նախագահը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 8–ին։ Նա այդ պաշտոնում շատ կարճ պաշտոնավորեց` ընդամենը 4 ամիս։

Նրան նշանակելը սպառնալիք էր ազգային անվտանգությանը. Վանեցյանը` Քյարամյանի մասին

Ավելին, նա ԱԱԾ համակարգ էր ոտք դրել տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս առաջ` որպես ԱԱԾ փոխտնօրեն։ Դրանից առաջ նա 1 օրով նշանակվել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ավելի վաղ` 2019 թվականի մարտի 1-ից, Քյարամյանն աշխատել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։