Ինչ ուտել և որքան ուտել Ամանորի օրերին

Ամանորին ընդառաջ, կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում, պետք է սննդառությունը ճիշտ կազմակերպել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ամանորին ընդառաջ կորոնավիրուսի պայմաններում անհրաժեշտ է հետևել սննդակարգին։

Առանց երգ ու պարի, բայց Ձմեռ պապով․ Ամանորին հայաստանյան հանգստավայրերում ազատ տեղ չկա

«Կորոնավիրուսի պայմաններում շատ կարևոր է պահպանել առողջ սննդառության կանոնները, ինչը շատ կարևոր է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու և հիվանդություններին դիմակայելու տեսանկյունից։ Բացի այդ, առողջ սննդառությունը նվազեցնում է ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և որոշ տեսակի քաղցկեղների զարգացման ռիսկը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է սահմանափակել տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը: Պետք է նախապատվությունը տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սննդատեսակներին, ինչպես նաև սահմանափակել շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է ճարպակալման պատճառ դառնալ։

Ավելի լավ է նախապատվությունը տալ մրգին և բանջարեղենին, որոնք հարուստ են վիտամիններով, հանքային տարրերով և ածխաջրերով։ Ամանորի օրերին պետք է սնվել չափավոր. սնունդն ընդունել քիչ չափաբաժիններով՝ օրվա ընթացքում 4-5 անգամ՝ ընդմիջումներով, ինչպես նաև օրական օգտագործելով 5 գրամից ոչ ավելի աղ։

Ինչպե՞ս են մեր քաղաքացիները նշելու Ամանորը կամ նշելո՞ւ են. տեսանյութ

Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքներին, ապա պետք է սահմանափակել դրանց օգտագործումը։ Չպետք է մոռանալ ջրի մասին և օգտագործել բավարար քանակությամբ ջուր։

Ամանորի օրերին կարևոր է նաև պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ։