Գները նվազեցրել և բարձրացրել են. ձվի շուկայում գործող 7 ընկերություն է տուգանվել

Ձվի շուկայում հակամրցակցային պայմանների հետևանքով տուժել են մի շարք փոքր և միջին արտադրության ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներ. 9–ը փոքր ֆերմերային տնտեսություններ շուկայից դուրս են մղվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձվի իրացմամբ զբաղվող 7 ընկերության է տուգանել. տեղեկանում ենք ՏՄՊՊՀ–ի պաշտոնական կայքից։

ՏՄՊՊՀ–ն հորդորում է ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին և ակցիաներին առնչվող խախտումներից

«Ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք` 103 մլն դրամի չափով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, վերոնշյալ ընկերությունների կողմից 2019–ի դեկտեմբեր և 2020 -ի հունվար, փետրվար ամիսների ընթացքում համաձայնեցված իրականացվել է ձվի իրացման գնի պարբերական նվազեցում, իսկ 2020 թվականի մարտին նույն տնտեսվարողների կողմից համաձայնեցված կատարվել է գնի բարձրացում։

Ընկերությունների կողմից կատարված գնային փոփոխությունները պայմանավորված չեն եղել ապրանքի ինքնարժեքի փոփոխությամբ կամ այլ տնտեսական գործոններով և/կամ համաչափ չեն եղել ինքնարժեքի փոփոխությանը։

Իրավախախտման հետևանքով տուժել են մի շարք փոքր և միջին արտադրության ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իսկ 9–ը փոքր ֆերմերային տնտեսություններ շուկայից դուրս են մնացել:

Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն. ՏՄՊՊՀ