Գերիներից մեկին շտապօգնության մեքենայով են տեղափոխել «Էրեբունի» ավիաբազայից. WarGonzo

Հայ գերիներից ևս չորսը վերադարձել են հայրենիք։ Գործընթացն իրականացվել է Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Հայ գերիներից մեկին շտապօգնության ավտոմեքենայով են տեղափոխել«Էրեբունի» օդանավակայանից։ Տեղեկությունը հայտնում է WarGonzo Տելեգրամ–ալիքը՝ վկայակոչելով Զինված ուժերի գլխավոր շտաբի իր աղբյուրներին։

«Խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի միջոցով Բաքվից վերադարձած գերիներից մեկը հոսպիտալացման կարիք է ունեցել», - գրված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ հայտնեց, որ Հայաստան են վերադարձել ևս 4 գերիներ։ Գործընթացն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` նոյեմբերի 9–ին ստորագրած հայտարարությունից հետո, որով դադարեցվեցին Արցախում ընթացող ռազմական գործողությունները, գերիների առաջին խումբը (44 հոգի) Հայաստան էր վերադարձել դեկտեմբերի 14-ի գիշերը։