Ովքե՞ր են դավաճանները. «Իմ քայլն» ու ԲՀԿ–ն փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին

Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ իրեն արդեն դիմել եմ բազմաթիվ ընտրողներ՝ ասելով, որ եթե ոստիկանությունը քայլեր չձեռնարկի, իրենք ստիպված կլինեն անձամբ պաշտպանել իրենց ընտրած պատգամավորներին ու իշխանությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Իմ քայլը» ՀՀ ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին հորդորում է վերականգնել հասարակական կարգը:
Նման հայտարարությամբ ԱԺ ամբիոնից հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Ամանորն առանց դավաճան Նիկոլի». Վանեցյանը նոր կարգախոս առաջարկեց

«Այսօր առավոտյան մի խումբ սադրիչներ փակել են ԱԺ-ի մուտքերը և սադրանքներ գործել մի խումբ պատգամավորների նկատմամբ: Ես դիմում եմ Երևան քաղաքի ոստիկանության պետին և խնդրում, հորդորում ու պահանջում շատ արագ վերականգնել հասարակական կարգը, այլապես սա կբերի անցանկալի զարգացումների»,- ասաց Սարգսյանը:

Նա նաև հայտարարեց, որ իրեն արդեն դիմել են բազմաթիվ ընտրողներ՝ ասելով, որ, եթե ոստիկանությունը քայլեր չձեռնարկի, իրենք ստիպված կլինեն անձամբ պաշտպանել իրենց ընտրած պատգամավորներին ու իշխանությանը:

Սարգսյանն արձագանքեց նաև «դավաճան» որակմանը, որով ընդդիմադիրները պիտակավորում են իշխանությանը: 

«Դավաճանները նրանք են, ովքեր 20-30 տարի երկիրը թալանել են, երկաթբետոնե պարիսպներով տներ են սարքել ու այդ ընթացքում կառուցել են հողից ու փայտից դիրքեր»,- ասաց նա:

Փաշինյանը պետական դավաճան է, նա հանձնել է մեր կյանքի գնով պահված դիրքերը. զինվորականներ

Դավաճանները, նրա խոսքով, նրանք են, որոնց կառավարման տարիներին բանակի թիվը 2 անգամ կրճատվել է, ինչպես նաև նրանք, ովքեր իրենց երեխաներին բանակ չուղարկելու համար «թաքցրել են իրենց կանանց փեշերի տակ»:

«Իմ քայլի» մեղադրանքներին ընդդիմությունից արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ թվային տվյալներ ներկայացնելով իշխանության 2.5 տարվա գործունեությունից:

«Պարո՛ն Սարգսյան, հատուկ ձեզ համար. ձեր իշխանության պաշտոնավարման արդյունքում ՀՀ տարածքը 42 000 քառ. կմ-ից դարձավ 29 000, թշնամու հետ շփման գիծը երկարեց 500 կմ-ով, ձեր իշխանության պաշտոնավարման ընթացքում սանձազերծված պատերազմի արդյունքում ունեցանք 5000 զոհ, 10 000 վիրավոր, 40 000 տեղահանված»,- ասաց Տոնոյանը:

Նա նաև շեշտեց, որ պետության ղեկավարն առկա խնդիրների վերաբերյալ շարունակում է իրարամարժ հայտարարություններ անել, կառավարությունը շարունակում է առաջնորդվել ջայլամի քաղաքականությամբ, իսկ պատգամավորները փողոցում ծեծում են բողոքի ակցիա անող քաղաքացիներին:

Նշենք, որ այսօր միջադեպ էր գրանցվել խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև: Վերջինը հարվածել ու հայհոյել էր իր վրա ձվեր նետող ու «դավաճան» բղավող քաղաքացիներից մեկին:

Քաղաքացու ու պատգամավորի ծեծկռտուքը դադարեցվել էր ոստիկանության միջամտությամբ: Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակից քաղաքացիներից ոմանց:

Դավաճանական հարված է թիկունքից, կամ ինչու է հանձնվել Շուշին` ըստ Գևորգ Գևորգյանի