Բարի գալուստ Ադրբեջան. ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ցուցանակ են տեղադրել

Գորիսի փոխքաղաքապետն իր վրդովմունքն է հայտնել միջպետական ճանապարհին հայտնված ադրբեջանական ցուցանակի հետ կապված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս քաղաքի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Facebook–ի իր էջում լուսանկար է տեղադրել, որում երևում է Գորիս-Կապան միջպետական ճանապարհին հայտնված ադրբեջանական ցուցանակը։

«Թուրքերը լցված են Գորիս-Կապան միջպետական ճանապարհին. ցուցանակ են տեղադրում։ Տեսնու՞մ եք գրառումը` Բարի գալուստ Ադրբեջան։ Դե ասեք՝ սա Սյունիքը չէ, ասեք, որ սահմանները ամուր են, ասեք, որ ճիշտը սա էր, որ Զանգեզուրում թուրքը պիտի գրի` բարի գալուստ դժոխք։ Հպարտացեք անթասիբներ»,–գրել է նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների հետևանքով, հնարավոր է, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից 12-ն ադրբեջանական տարածքում հայտնվեն։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ տները կադաստրային քարտեզով գյուղի տարածքում են, բայց ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն Ադրբեջանական ԽՍՀ–ի տարածքում է եղել։ Վիճարկելի տարածքում է հայտնվել նաև Որոտան գյուղը։

Կապանի քաղաքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի բնակիչներին

Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի որոշ տեղերում կտեղակայվեն ռուս սահմանապահ ուժեր։

Մասնավորապես, դրանք կտեղակայվեն Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում և Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածում։ Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ սահմաններին` Սյունիքում ու Արցախում, կատարվում է բացառապես Եռակողմ հայտարարության շրջանակներում։

Նշենք, որ մասնագետների խոսքով` միջազգայնորեն ընդունված նորմերով, պետական սահմանների դեմարկացիա իրականացնելուց առաջ, նախ պետք է իրականացնել դելիմիտացիա, որը պարտադիր ենթադրում է նախապատրաստական լուրջ աշխատանք` երկու երկրների ու միջազգային արբիտրի մասնակցությամբ ու նաև 2 պետությունների միջև պայմանագրի կնքում։

Երեկ ադրբեջանցիների մի խումբ մոտեցավ մեր սահմաններին. Կապանի քաղաքապետը` իրավիճակի մասին

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։