«Բարգավաճ Հայաստանը» դիմելու է Սահմանադրական դատարան

ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր դեմ նախաձեռնած արշավի համար մեղադրում է ԱԺ սորոսական պատգամավորներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր ԱԺ-ում հրավիրած ճեպազրույցում հայտարարեց, որ պատրաստվում է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելու նախաձեռնության սահմանադրականությունը վիճարկելու նպատակով:

«Հրաժարականից առաջ որոշել է ինձ պատժել». Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է «Իմ քայլի» նախագիծը

«Նիկոլ Փաշինյանի անմիջական հրամանով խորհրդարանական մեծամասնության սորոսական հատվածը սորոսական պատգամավոր Մարիա Կարապետյանի գլխավորությամբ երկնել են հակասահմանադրական որոշման նախագիծ,- ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը,-  հենց այսօր մենք իրենց քվեարկությունից հետո դիմելու ենք ՍԴ, որովհետև բնական է, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ը վերածել է քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելու տեղ»:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նույն փաթեթն ուղարկել է նաև ԵԽ, իսկ հետագայում, իր խոսքով, հասնելու է մինչև Վենետետիկի հանձնաժողով:

Հիշեցնենք` «Իմ քայլը» խմբակցությունը որոշման նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով առաջարկում է դադարեցնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Նաիրա Զոհրաբյանին ուզում են լռեցնել. Տոնոյանը` «Իմ քայլի» նախաձեռնության մասին

Առաջարկը հիմնավորվում է Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներով, որոնց հեղինակն, ըստ իշխող ուժի, չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է։

Նախագիծը ներառված է այսօր՝ դեկտեմբերի 28-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։