Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահին մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել։

Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել, Մակունցն էլ դատի է տվել նրան

«Բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Youtube-ում հրապարակվել էր տեասնյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կողմից առերևույթ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր են հնչել: