Թե ինչպես կամավորական Բաբայանը փրկվեց ականի պայթյունից, երբ պատերազմը վերջացել էր

Կամավորական Գոռ Բաբայանը արցախյան առաջնագիծ էր մեկնել հոկտեմբերի սկզբին։ Պատերազմի ընթացքում երկու անգամ բախտը բերել է՝ փրկվել է, բայց երկրորդ անգամ ոտքն է կորցրել։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են Գոռին «Մուրացան» զինվորական հոսպիտալում։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Մուրացան փողոցում գտնվող Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի հիվանդասենյակներից մեկում աղմկոտ է, դուռը՝ կիսաբաց. հիվանդասենյակում գտնվողները սպասում են մեզ։ Ծեծում ենք կիսաբաց դուռը, հազիվ լսելի տկտկոցին սենյակից արձագանքում է տղամարդու ձայնը, որին բոլորը «կամանդիր» են անվանում։

Թե ինչպես կամավորական Բաբայանը փրկվեց ականի պայթյունից, երբ պատերազմը վերջացել էր

«Մտեք, այստեղ բոլորն իմոնք են»,-ասում է հրամանատար Ռաֆայել Ավետիսյանը և ձեռքերով ցույց տալիս պալատում պառկած վիրավոր զինվորներին։

Հրամանատարը պարզաբանում է, որ իրենք բոլորը միասին են կռվել Արցախում և պայքարել են յուրաքանչյուր սանտիմետրի համար։ Նա ցույց է տալիս դռնից հաշված երրորդ մահճակալին պառկած երիտասարդին։

«Սա էլ Գոռ Բաբայանը, մականունը՝ Կյաժ»,-ասում է հրամանատարն ու նշում՝ այդպես են անվանել մազերի գույնի պատճառով։

Կամավորականները խախտել են նախագահի հրամանն ու արժանացել նախագահի պարգևներին

Պատերազմի սկզբում 27-ամյա Գոռը Ռուսաստանի քաղաքներից մեկում էր՝ մեկնել էր գումար վաստակելու։ Հոկտեմբերի 1-ին արդեն հասավ Երևան, իսկ հոկտեմբերի 3-ին կամավորական ջոկատի կազմում մեկնեց Հադրութ։ Իր կյանքում Գոռը երկու դրվագ է շրջադարձային համարում։

«Կյանքիս ամենախոշոր մարտը հենց Հադրութում էր, հոկտեմբերի կեսերին։ Մենք ավելի քան հինգ ժամ կռվեցինք անմարդկային պայմաններում։ Մոտ երեք օր կարողացանք դիմակայել թշնամու գրոհներին»,-հիշում է Գոռը։

Նրա խոսքով՝ հետո բեկում տեղի ունեցավ, թշնամին կարողացավ ճեղքել պաշտպանությունը և առաջ շարժվել։ Իսկ նոյեմբերի 9-ն արդեն Գոռը դիմավորեց Շուշիի մոտ։

Թե ինչպես կամավորական Բաբայանը փրկվեց ականի պայթյունից, երբ պատերազմը վերջացել էր

Հրադադարի ռեժիմ հայտարարվելուց հետո Գոռն իր մարտական ընկերների հետ շարունակում էր մնալ Արցախում, մասնակցում էր նոր դիրքերի ձևավորվմանը։ Նոյեմբերի 20-ի վաղ առավոտյան ընկերոջ հետ միասին դուրս եկավ հետախուզության Կարմիր Շուկա գյուղի մերձակայքում։ Պատմում է, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ կվերադառնան նույն ճանապարհով, որով գնացել են։ Սակայն հակառակորդը նկատեց նրանց, և ստիպված եղան շեղվել ճանապարհից։ Հենց այդ ժամանակ էլ Գոռը ոտքը դրեց ականին։ Ընկերը նույնպես ոտքի վիրավորում ստացավ։

Ավելի քան մեկ ժամ Գոռը պառկած մնաց ականապատ դաշտում, ոտքի՝ ծնկից ներքև հատվածն արդեն չկար։ «Ժգուտով» կապեց ու սկսեց սպասել։ Օգնության հասավ հրամանատարը՝ Ռաֆայելը։

Հետո ուշ կլինի. Շուռնուխի գյուղապետը կամավորներին կոչ է արել զենք վերցնել. տեսանյութ

Գոռը հիշում է՝ այն, ինչ արեց «կամանդիրը», սակրավորն էլ չէր համարձակվի անել։ Վտանգելով կյանքը, նա մտավ ականապատ դաշտ։

Մի րոպե լռելուց հետո Գոռը մահճակալի կողքի սեղանիկի դարակից շրջանակով լուսանկար է հանում։ Լուսանկարում Գոռն է և նրան գրկած հրամանատարը։ Նրանք և այս պատմությունն իմացող տղաները լուսանկարն անվանում են «կյանքի համար երկու ուժեղների պայքարի մարմնացում»։

«Գոռը շատ ուժեղ է, երբ ես նրան գտա, մի ձեռքով ամբողջ ուժով ձգում էր «ժգուտը»։ Ես նրան ասացի, որ պետք է օգնի ինձ, թե չէ երկուսս էլ կմեռնենք։ Մենք կարողացանք»,-ասում է զրույցին միացած Ռաֆայելը։

Հետո արդեն Ստեփանակերտի հիվանդանոցն էր և տեղափոխությունը Երևան։ Գոռը դեռ վերականգնման երկար ճանապարհ պետք է անցնի, դրանից հետո միայն հնարավոր կլինի պրոթեզավորվել։

Վերևներից ասել են՝ ադրբեջանցիների հետ ինքներդ բանակցենք. շրջափակումից դուրս եկած կամավոր

Գոռը մեծ ծրագրեր ունի․ ոտքի կանգնելուն պես մտադիր է ամուսնանալ սիրած աղջկա հետ, որը նրան սպասել է ամբողջ պատերազմի ընթացքում։ Բայց Գոռի գլխավոր ցանկությունը եղբորից՝ Դավիթից լուր ստանալն է, որը անհետ կորածների ցուցակում է։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։