ՌԱԴԻՈ

Ինչու Փաշինյանը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների. պարզաբանում է քաղտեխնոլոգը

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը, որով վարչապետն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդակցությունների է հրավիրել խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին։
Sputnik
Ինչու Փաշինյանը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների. պարզաբանում է քաղտեխնոլոգը

Արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներ անցկացնելու հրավերը գործող վարչապետի պահուստային տարբերակներից մեկն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն գրառումը, որով կառավարության ղեկավարը երկխոսության է հրավիրում քաղաքական ուժերի ներկայացուցիչներին արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար։

Առանց դրա անհնար է ընտրություն կատարել. Փաշինյանը խոսել է ապագայի մասին

«Սա Նիկոլ Փաշինյանի արսենալում եղած տարբերակներից մեկն էր, մի քանի տարբերակ էլ կար, այսինքն` կարող էր նաև միջանկյալ քայլի դիմել»,- ասաց նա։

Միջանկյալ քայլերից մեկն էլ, ըստ Հակոբյանի, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին վարչապետ առաջադրելն էր։ Վերջին շրջանում լրատվամիջոցները գրում էին, թե չի բացառվոււմ, որ իշխող քաղաքական թիմը կարող է վարչապետի պաշտոնում սեփական թեկնածուին առաջադրել։ 

Թե ինչու վարչապետն, ի վերջո, այս տարբերակին հանգեց, դժվար է ասել, բայց մեկ բան ակնհայտ է`գործընթացները, որոնց ականատես ենք լինում և դեռ կլինենք ապագայում, միայն փողոցում կատարվող իրադարձությունների արդյունք չեն։  Եվ եթե արտահերթ ընտրություններն այնուամենայնիվ անցկացվեն, որոշ իրողությունների հետ ստիպված կլինեն հաշվի նստել։

«Կարծում եմ` այս անգամ հաշվի կառնեն ընտրողի վիճակը, հասարակության շրջանում դեգրադացման աստիճանը, կներեք իհարկե, բայց դա փաստ է, և 2018 թվականի իրադարձությունների դառը փորձը և արդյունքները, որին հիմա ականատես ենք լինում»,- նշեց Հակոբյանը։

Արտահերթ ընտրությունների գնալու դեպքում էլ, ըստ քաղտեխնոլոգի, երկրի ղեկավարի թիվ մեկ խնդիրը սեփական անձի, հարազատների ու քաղաքական թիմի անվտանգությունն ապահովելն է։ 

Կարևորը մենք ենք ու Ամերիկան, բայց ընտրությունների հարցում կա մեկ տարբերություն

«Իր և իր մերձավորների անվտանգության երաշխիքները դեռևս անորոշ են, ներառյալ նաև ֆիզիկական անվտանգության խնդիրը, հաշվի առնելով` ինչ կոչեր են հնչում, ինչ տրամադրություններ կան թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում»,- ընդգծեց մասնագետը։ 

Հակոբյանը համոզված է՝ եթե Փաշինյանն ու նրա մերձավոր շրջապատն անվտանգության երաշխիքներ ունենային, ապա վարչապետի պաշտոնավարումը երկարաձգելու խնդիր չէր առաջանա, և Փաշինյաննն էլ կբռներ այն նույն ուղին, որով 1997-ին անցավ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հիշեցնենք`դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրառում էր արել` 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդակցությունների հրավիրելով խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին։ «Ես կառչած չեմ վարչապետի աթոռից»,– հայտարարել էր Փաշինյանը` միաժամանակ նշելով, որ պատրաստ է թողնել վարչապետի պաշտոնը միայն ժողովրդի որոշմամբ։ Ըստ նրա` առկա բոլոր հարցադրումների պատասխանը կարող են տալ միայն արտահերթ ընտրությունները։