Ուրիխանյանն առաջարկում է Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորել

Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ ՌԴ–ի հետ միութենական պետություն կազմելուց Հայաստանի ինքնիշխանությունը չի տուժի, սակայն շատ խնդիրներ կարող են լուծվել, այդ թվում՝ անվտանգության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. «Ալյանս» կուսակցությունն առաջարկում է հայ ժողովրդի բոլոր խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու միջոցով։ Այսօր կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ նման հայտարարություն արեց կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։

Ուրիխանյանն առաջարկում է Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորել

«Շատերը հարցնում են` արդյո՞ք դա ենթադրում է, որ Հայաստանը Ռուսաստանի կազմում կներառվի։ Ո՛չ։ Դա նշանակում է ձևավորել միջպետական միություն՝ հիմնվելով տրամաբանությունից բխող իրավաչափության վրա։ Այդ դեպքում Հայաստանը շարունակում է մնալ ՄԱԿ-ի անդամ, ինքնիշխան ու անկախ երկիր, որն ամրապնդում է իր բանակն ու վարում իր արտաքին քաղաքականությունը։ Մնացած բոլոր խոսակցությունները կենցաղային անգրագիտության մակարդակի են»,–ասաց նա։

Ուրիխանյանն առաջարկում է Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորել

Նրա խոսքով` ներկա ճգնաժամային պայմաններում Հայաստանին անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը, որը պետք է ունենա կոնկրետ դրսևորումներ: Եթե իրականությունը ստիպում է, որ տարածաշրջանում ռուսական խաղաղապահների ներկայություն, ռազմաբազաների կամ բազաների առկայություն լինի Հայաստանում կամ գուցե նույնիսկ Արցախի մնացորդներում, ապա հաջորդ տրամաբանական քայլը, ըստ նրա, պետք է լինի միավորված զորախմբի ձևավորումը սահմանապահ ուժերի տեսքով։

«Այո, մենք տեսնում ենք միութենական միավորման նոր ձևաչափ, որի սահմանները, այդ թվում ՝ Հայաստանի և Արցախի պատասխանատվության շրջանակներում, պետք է պաշտպանվեն համատեղ`ներգրավելով Ռուսաստանի զինված ուժերին»,– նշեց քաղաքական գործիչը:

Միաժամանակ նա առաջնային է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Նոր կառավարություն պետք է ձևավորվի, որի անդամները փորձ կունենան, «նախկին ռեժիմի» ներկայացուցիչներ չեն լինի, ինչպես նաև կարող են արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել։ Նրա խոսքով` «Ալյանսը» երկրում իշխանափոխություն կատարելու հայտ է ներկայացնում, սակայն ընդդիմադիրների հանրահավաքներին չմասնակցելը չի նշանակում, որ չի ցանկանում այդ գործընթացի մաս լինել:

Ուրիխանյանն առաջարկում է Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորել

Հիշեցնենք, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր ուժերն ու նրանց կողմնակիցները պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՝ նրան մեղադրելով ազգային շահերի դավաճանության մեջ: Ընդդիմության առաջնորդներն ու ակտիվիստները պարբերաբար հրավիրվում են քննչական մարմիններ։