«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի

Հայաստանի տնտեսության մեջ, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի, հաջորդ տարի երկնիշ աճ է սպասվում։ Ինչ վերաբերում է Արցախի տնտեսությանը, ապա այժմ գույքագրում են պատերազմի հետևանքով տուժած բիզնեսները։ Քերոբյանը խոսել է նաև «Կատարոյի» մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ այս պահին ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր, և՛ ներդրողը կա, և՛ նախագիծը, ու հիմա գերխնդիրն այդ նախագծերը հնարավորինս արագ շուկա լցնելն է։ Քերոբյանը նման կարծիք է հայտնել կառավարության մամուլի կենտրոնի հետ հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով ներդրումային ծրագրերին։

«Ծանր, աղետներով լի տարի ենք ունեցել, բայց կյանքը շարժվում է առաջ։ Այստեղ մենք ստանձնում ենք առաջին ջութակի դերը և փորձում ենք օգնել, որ ներդրողներն այդ նախագծերը շուկա հասցնեն։ Սակայն մենք անընդհատ խոսում ենք օտարերկրյա ներդրողների մասին` մոռանալով տեղական ներդրողներին։ Պետք է հաշվի առնել, որ հենց տեղական ներդրողներն են առաջ տանում տնտեսությունը, իսկ նրանք շատ մեծ հավատով են լցված Հայաստանի ապագայի նկատմամբ»,–վստահեցնում է նախարարը։

Քերոբյանը, խոսելով հաջորդ տարվա տնտեսական ցուցանիշների մասին, նշում է, որ երկնիշ տնտեսական աճ է կանխատեսում։ Նախարարը տեսնում է բազմաթիվ չիրացված հնարավորություններ, որոնք մոտ ապագայում հերթով կդառնան մարդկանց կյանքը փոխող ծրագրեր։

Թուրքիա գնացող գումարը դառնում է հայ զինվորի վրա ուղղված գնդակ. էկոնոմիկայի նախարար

Անդրադառնալով Արցախի տնտեսությանը` ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշում է, որ Արցախի գործընկերների հետ գույքագրում են այն ընկերությունները, որոնք իրենց բիզնեսնը կորցրել են Արցախում, օրինակ` «Կատարոն»։

«Ինքս խոսել եմ «Կատարոյի» սեփականատերերի հետ` առաջարկելով օգնել կարճ ժամանակում վերականգնել արտադրությունը։ Հիմա սպասում ենք արցախցի մեր գործընկերների արձագանքին»,–ասաց նա։

Քերոբյանի խոսքով` պատերազմի հետևանքով Արցախում տուժած բիզնեսները գույքագրելուց հետո ՀՀ կառավարությունը ներդրում կանի։

Հիշեցնենք, որ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանը պատերազմի հետևանքով մնացել է Ադրբեջանի տիրապետության տակ։