Շտապօգնությունը համալրվել է 67 ավտոմեքենայով, դրանցից 5-ը կհատկացվեն Արցախին

Ավտոմեքենաներից 40-ը ձեռք են բերվել 2020 թվականի պետական բյուջեի միջոցներով, 15-ը նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ, 12-ը` բարերարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված են շտապօգնության` վերջերս ձեռք բերված մեքենաները: Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է մեքենաների հագեցվածությանը, կարողություններին:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ 67 ավտոմեքենաներից 40-ը (30 «Տոյոտա Լանդ Կրուիզեր» և 10 «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի) ձեռք են բերվել 2020 թվականի պետական բյուջեի միջոցներով։

Եվս 15 «Նիսան» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաներ նվիրաբերվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:

Բացի այդ, ևս 12 ավտոմեքենա նախարարությանը նվիրաբերել են տարբեր բարերարներ. 5–ը` ռուսաստանաբնակ գործարար Նիկոլայ Սարկիսովը, 5–ը` «Մանթաշով» գործարարների միությունը, 2–ը` «Վեբբ ֆոնտեյն» հոլդինգը։

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բարերար Նիկոլայ Սարկիսովի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նրա նվիրաբերած 5 մեքենաները հատկացվել են Արցախի Հանրապետությանը:

Շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթացը սկսվելու է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին բժշկական կենտրոններ տեղափոխելով:

Անհետ կորած ու գտնված 6 զինծառայողներից 5-ը տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն