«Քո փորձերը չեն ստացվելու». Սաղաթելյանն արձագանքել է Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների, որպեսզի քննարկեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Իշխան Սաղաթելյանը պատասխանել է վարչապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Facebook-ում գրառում է արել` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` քաղաքական խորհրդակցություններ սկսելու առաջարկին։

«Հրաժարականից առաջ որոշել է ինձ պատժել». Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է «Իմ քայլի» նախագիծը

«Քաղաքական դիակը փրկության ելքեր է փնտրում` կրկին թաքնվելով ժողովրդի թիկունքում, կրկին փորձելով խաբել և մոլորեցնել ժողովրդին»,– գրում է Սաղաթելյանը:

Նրա խոսքով` Փաշինյանի քաղաքական վախճանն իրականություն է, նրա հեռացումը` անխուսափելի:

«Քո բոլոր փորձերը` մեր ժողովրդին մասնակից դարձնել քո ազգադավ ծրագրերին, չեն ստացվելու»,– նշում է Սաղաթելյանը։

Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ այս թեմայով խոսել է դեկտեմբերի 5-ին։

«Երկրի թիվ մեկ չարիքը, իրավիճակից դուրս գալու համար փորձելու է վարչական ռեսուրսներով կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Այս տարբերակն անընդունելի է. կա մեկ ճանապարհ՝ հեռացնել դավաճանին, որից հետո հայ ժողովրդին կընձեռնվի ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորություն»,– շեշտել է Սաղաթելյանը։

Հիշեցնենք`դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրառում էր արել` 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդակցությունների հրավիրելով խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին։ «Ես կառչած չեմ վարչապետի աթոռից»,– հայտարարել էր Փաշինյանը` միաժամանակ նշելով, որ պատրաստ է թողնել վարչապետի պաշտոնը միայն ժողովրդի որոշմամբ։ Ըստ նրա` առկա բոլոր հարցադրումների պատասխանը կարող են տալ միայն արտահերթ ընտրությունները։

«Մեր կենտրոնական շտաբը տեղափոխվելու է Հանրապետության հրապարակ». Իշխան Սաղաթելյան