Հայտնի է՝ երբ են թուրք զինվորականները սկսելու աշխատել Արցախի հարցով դիտորդական կենտրոնում

Թուրքիայի զինվորականները պետք է ծառայության անցնեն այն կենտրոնում, որը մոնիտորինգ է իրականացնելու Ռուսաստանի հետ համատեղ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Թուրք զինվորականները` բրիգադային գեներալներից մեկի հրամանատարությամբ, մեկնել են Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում է NTV հեռուստաալիքը։

ՌԴ-ն ու Թուրքիան կքննարկեն Ղարաբաղի հարցով դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները

Հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ Ադրբեջան են ուղարկվել 25 զինվորականներ, սակայն նշվում է, որ առաջիկա օրերին նրանց թիվը կհասնի 60-ի։

Газета.ru–ն էլ տեղեկացնում է, որ Թուրքիայի զինվորականները պետք է 2021 թվականի հունվարից ծառայության անցնեն Ղարաբաղի հարցով դիտորդական կենտրոնում։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Անկարան ու Մոսկվան տեխնիկական բանակցությունների արդյունքում Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտորդական համատեղ կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիր են կնքել։

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ասել էր, որ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում, ռուսական ու թուրքական անձնակազմի թվաքանակը կենտրոնի կազմակերպչական կառուցվածքում հավասար է լինելու։