ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստի» կենտրոնական մասնաշենքն առաջիկայում նոր տեսք ու ենթակառուցվածքային նոր գործառույթ կստանա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը` ներկայացնելով շենքի վերակառուցման նախագիծը։
«Ընկերությունը ծրագրում է վերակառուցել երևանցիներին հայտնի բարձրահարկ շենքը` պահպանելով դրա արտաքին տեսքն ու դիմագիծը։ Շենքը չի քանդվելու, այլ միայն վերանորոգվելու ու համալրվելու է նորակառույց, ավելի ժամանակակից ու ավելի բարձրահարկ նոր մասնաշենքով։ Շենքի հետնամասում մենք ունենք 4-հարկանի կառույց, որի տեղում նախատեսվում է կառուցել նոր արդի շենք։ Կունենանք 2 շենք, որոնք կապված կլինեն կամուրջներով»,– ասաց Կարապետյանը:
«Հայփոստն» իր նախագիծն արդեն ներկայացրել է Երևանի քաղաքապետարանին ու ՀՀ կառավարությանը, հիմա սպասում է վերջնական որոշմանը։ Շենքի հետ կապված կան նաև այլ մասնավոր նախագծեր, բայց «Հայփոստը» հուսով է, որ կընտրվի իր նախագիծը, որն, իրենց հաշվարկով, Հայաստան կբերի 25 մլն դոլար ներդրում:
Եթե նախագիծը հաստատվի ու բարեհաջող իրականացվի, նորացված շենքը կսկսի ծառայել որպես բիզնես կենտրոն։ Շենքում կբացվի փոստային թանգարան։ Առաջին հարկում կգործի մեծ գրախանութ` համադրված երևանյան հայտնի սրճարանային ցանցերից մեկի հետ։
«Հայփոստի» տնօրենն ընդգծում է, որ շենքի շահագործման նոր նախագծի համար նախատեսվող ներդրումները լինելու են դրսից, պետական բյուջեից որևէ գումար չի ծախսվելու:
«Երկրորդ շենքում նախատեսում ենք, որ կարող է լինել նաև հյուրանոց, որը կդառնա Երևանի լավագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Իսկ բարձրահարկ շենքի վերնահարկում պլանավորում ենք Ամստերդամի օրինակով ճոճանակ տեղադրել, որը ճոճվողին դուրս կհանի շենքի տարածքից։ Դուք կարող եք ճոճվել ու նայել Արարատին»,– նախագիծը ներկայացնելով` ասաց Կարապետյանը։
Տնօրենի խոսքով՝ այս ամենը միայն մեկ գլխավոր նպատակ է հետապնդում` անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովել «Հայփոստի» ամբողջ ցանցի վերանորոգման ու արդիականացման համար։
«Ավելի հեռահար ծրագրերում, հավատարիմ մնալով մարզերի համաչափ զարգացման քաղաքականությանը, նախատեսում ենք նույն դիզայնով ու նույն ոճով բիզնես կենտրոններ հիմնել նաև մարզերում` «Հայփոստի» մարզային 40 կենտրոններում։ Ժամանակակից աշխարհում միայն փոստային ծառայությունով երբեք կայուն ու աճող ընկերություն չես լինի։ Եթե ուզում ես լավ փոստ լինել, պետք է աշխատես 5 տարբեր շուկաներում»,– զարգացման ծրագրի գաղափարն այսպես ներկայացրեց Կարապետյանը։
5 շուկաներից մեկը, նրա խոսքով, ֆինանսականն է։ Տնօրենը հայտնեց, որ «Հայփոստն» առաջիկայում դիմելու է Կենտրոնական բանկ` վարկային կազմակերպության լիցենզիա ստանալու և «Հայփոստ կրեդիտ» կազմակերպություն հիմնելու նպատակով։
Ապրելու ենք, որ հաղթենք. բացիկների միջոցով հնարավոր է նվիրատվություն անել զինծառայողներին
«Մենք արդեն դիմել ենք Կենտրոնական բանկին` էլեկտրոնային փողի (էլեկտրոնային քսակ) թողարկման թույլտվություն ստանալու համար, իսկ առաջիկա շաբաթներում դիմելու ենք նաև վարկային կազմակերպության լիցենզիա ստանալու համար»,-նշեց Կարապետյանը:
Երկրորդը վճարահաշվարկային շուկան է, որում գործելու լիցենզիան «Հայփոստն» արդեն ունի։ «Մինչև տարեվերջ պլանավորում ենք էլեկտրոնային քսակի թույլտվություն ստանալ և ունենալ «Հայփոստ Pay» ծառայություն, որի միջոցով մեր թոշակառուները ստանալու են իրենց թոշակները»,– ասաց Կարապետյանը։
Ընկերությունը ծրագրում է ունենալ նաև լոգիստիկ ծառայություն և ընդլայնել արդեն իսկ մատուցվող պետական ծառայությունների ցանկը` «Հայփոստի» բաժանմունքներում «մեկ պատուհանի» սկզբունքով կենտրոնացնելով շուրջ 20 պետական գերատեսչությունների ծառայություններ։
«Այն հեռավոր գյուղերը, որտեղ կան փոստային բաժանմունքներ, բայց որտեղ պետական ծառայությունները չեն հասնում, մարդը կարող է մտնել փոստային բաժանմունք, տալ իր տվյալները, որոնք կսկանավորվեն, կուղարկվեն համապատասխան պետական մարմնին, և նա փոստով կստանա իրեն անհրաժեշտ փաստաթղթերն առանց շրջկենտրոն գնալու»,– ասաց Կարապետյանը։
«Հայփոստի» գլխավոր տնօրենը վստահեցնում է` բոլոր ծրագրերն իրատեսական են և մոտ ապագայում կյանքի կկոչվեն: