Ոստիկանները բերման ենթարկեցին ընդդիմադիր երիտասարդներին

Ընդդիմադիրների մեկ այլ խումբ այս պահին Աբովյան փողոցի սկզբնաասում է` դեպի Սարալանջի խճուղի ու Մյասնիկյան պողոտա տանող հատվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Մաշտոցի պողոտա–Պուշկինի փողոց խաչմերուկից ոստիկանությունը քիչ առաջ բերման ենթարկեց բողոքի ակցիայի մասնակից շուրջ 1 տասնյակ երիտասարդների, որոնք փորձում էին փողոցում տեղադրված աղբամաններով փակել Մաշտոցի պողոտային երթևեկելի հատվածը։

Քաշքշուկ Սայաթ-Նովա փողոցում. ընդդիմությունը փակել է Սարալանջի ճանապարհը

Բերման ենթարկվածների շարքում էր նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդին` ակտիվիստ Տարոն Մանուկյանը։

Ակցիայի մնացած մասնակիցներն այդ միջադեպից հետո երթը շարունակեցին Մաշտոցի պողոտայով` քաղաքացիներին կոչ անելով միանալ իշխանության ու վարչապետի դեմ իրենց բողոքին։

Նշենք, որ ընդդիմադիրների մեկ այլ խումբ այս պահին Աբովյան փողոցի սկզբնաասում է` դեպի Սարալանջի խճուղի ու Մյասնիկյան պողոտա տանող հատվածում։

Ակցիայի հետևանքով այս պահին պարալիզացված է նշված 3 փողոցների երթևեկությունը։

Խնդիրն իշխանություն–ընդդիմություն կոնֆլիկտի մեջ չէ. Վահե Հովհաննիսյանը` ճգնաժամի մասին

Հավելենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։