ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Անհետ կորած զինվորների հարազատներին չի բավարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։ Կառավարության առջև լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորներից մեկի հարազատը։
Հանդիպումը տևեց շուրջ երեք ժամ, որից հետո ծնողները խոսեցին լրագրողների հետ։
Հիշեցնենք, որ երեկ ծնողները «ԿԱՄազ»–ով փակել էին Բաղրամյան պողոտան` պահանջելով իրենց որդիներին գտնելու հետ կապված քայլեր իրականացնել։ Նրանք ժամեր անց բացեցին փողոցը, քանի որ Փաշինյանը խոստացել էր այսօր ընդունել նրանց։
«Փաշինյանն ընդունեց ու լսեց մեզ, բայց այստեղ ծնողները հավաքվում են ոչ թե հարցեր տալու, այլ գոնե այդ հարցերի` 60-70 տոկոսով պատասխան ստանալու համար։ Ինձ համար ոչ մի բան չի փոխել էս հանդիպումը, ես իմ հարցերի պատասխանը չեմ ստացել և բավարարված չեմ հանդիպումից»,–ասաց տղամարդը։
Նա հայտնեց, որ Փաշինյանն ասել է, թե գնալու են ադրբեջանական կողմի հետ այդ թեմայով բանակցելու։
6 ընկերներով էինք, ինչ էլ լիներ` պիտի միասին փրկվեինք. 70 օր անհետ կորածների պատմությունը
Հիշեցնենք, որ անհետ կորած զինվորների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում տարբեր պատկան կառույցների մոտ։ Նրանք արդեն մի քանի անգամ հանդիպել էին Փաշինյանի հետ։