Ռուսական պատվաստանյութը հնարավորինս արագ պետք է հասանելի դառնա ԵԱՏՄ-ում․ Բելյանինով

Միլիոնավոր մարդիկ պատվաստանյութի կարիք ունեն, բայց Ռուսաստանում թողարկվող պատվաստանյութի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների մի մասն ԱՄՆ-ից է բերվում, և Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղարի խոսքով` հիմա կարևոր է «չնեղել» մրցակիցներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը պետք է հնարավորինս արագ հասանելի դառնա Եվրասիական տնտեսական միության երկրներում։ Այսօր կայացած Մոսկվա–Բիշքեկ–Երևան–Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում նման կարծիք հայտնեց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի քարտուղար, քաղաքական գիտությունների դոկտոր Անդրեյ Բելյանինովը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ե՞րբ և ի՞նչ գնով կհասնի Հայաստան

Նրա խոսքով՝ ոչ ոք չի պնդում, որ աշխարհում ռուսական պատվաստանյութից բացի ուրիշը չպետք է լինի. եթե ամեն ինչ շուկայով չափենք, այն այնքան մեծ է, որ բոլորի համար տեղ կգտնվի։

«Հնդկաստանում ու Կամերունում մեր ասոցիացիայի ներկայացուցիչներն ասում են, որ իրենց երկրներում ռուսական պատվաստանյութի կարիք կա։ Հարցնում էի՝ ինչո՞ւ, չէ՞ որ Հնդկաստանը հիանալի դեղագործություն ունի»։ Ինձ ասում էին. «Մեզ մոտ շոգ է, ուրիշ պատվաստանյութերն այս ջերմաստիճաններին չեն դիմանում»։ Այդ պատճառով պետք է հնարավորինս արագ բաշխել այդ պատվաստանյութերը։ Իհարկե, Ռուսաստանն առաջին հերթին հոգ կտանի սեփական բնակչության մասին։ Բայց մյուս երկրներն էլ օգնության կարիք ունեն», - ավելացրեց Բեյլանինովը։

Նա ասաց, որ Եվրասիական միության երկրները՝ և՛ Ղազախստանը, և՛ Ղրղզստանը, և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը, այդ պատվաստանյութի կարիքն ունեն։

Բելյանինովը նշեց, որ պատվաստանյութի արտադրության համար օգտագործվող սարքավորման մի մասը ԱՄՆ-ում է պատրաստվում։ Ու հիմա այդ սարքավորման նոր մատակարարումների հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ․ ամերիկյան ձեռնարկություններն ասում են, որ պետք է դրանք վաճառեն այլ դեղագործական ընկերությունների։

«Այսինքն՝ տեխնոլոգիական կախվածության մեջ ենք հայտնվել։ Հիմա ամենակարևորն այն է, որ մենք միմյանց մեջ մրցակիցներ չտեսնենք, ու վաճառքի և շուկայի համար պայքարում միլիոնավոր մարդիկ դեղից չզրկվեն», - ավելացրեց Բելյանինովը։

Պուտինն ասաց` ինչու մինչ այժմ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Նշենք՝ Հայաստանն արդեն բանակցություններ է վարում «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ ձեռք բերելու վերաբերյալ։

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել COVID-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։