ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային՝ պատասխանատու պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Վրաստանի վարչապետի պաշտոնին վերանշանակվելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում` ի շահ եղբայրական Վրաստանի: Անցած մեկուկես տարվա ընթացքում մեր կառավարությունների և անձամբ մեր միջև ձևավորվել է արդյունավետ և փոխշահավետ համագործակցության մթնոլորտ՝ հիմնված մեր ժողովուրդներին միավորող բազմադարյա պատմական կապերի և մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների վրա»,– նշված է Փաշինյանի ուղերձում։
ՀՀ վարչապետը համոզված է, որ համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների։
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել նախարարների նոր կաբինետին՝ Գախարիայի ղեկավարությամբ: Այնուհետև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային երկրի վարչապետ նշանակելու մասին: Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի սեպտեմբերից։