ՌԱԴԻՈ

Նաիրա Զոհրաբյանին ուզում են լռեցնել. Տոնոյանը` «Իմ քայլի» նախաձեռնության մասին

ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Իմ քայլի» նախաձեռնությանը, որով առաջարկվում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Sputnik
Նաիրա Զոհրաբյանին ուզում են լռեցնել. Տոնոյանը` «Իմ քայլի» նախաձեռնության մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի կարծիքով` իշխանությունն այս քայլով հերթական անգամ ապացուցում է, որ իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր և անհնարին լծակներն օգտագործելով`պարզապես իրականացնում է քաղաքական հետապնդում և անում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու փորձեր։

Փաշինյանի փրկօղակը. 25-ամյա օրենքից մինչև գաղտնի պայմանագիր ու պարտադրված դեմարկացիա

«Տիկին Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անձնական կարծիք է արտահայտում այս կամ այն հարցի առթիվ և հնչեցրած անձնական կարծիքը որպես քաղաքական հետապնդում օգտագործելն ու Նաիրա Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի մանդատից զրկելու փորձը տեղավորվում է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու տրամաբանության մեջ»,– Sputnik Արմենիային ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Տոնոյանն իշխանության ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս նույն ջանասիրությամբ հետևել սեփական գործընկերների, իրենց խմբակցության ներկայացուցիչների թե՛ հրապարակային հայտարարություններին, թե՛ ֆեյսբուքյան գրառումներին։

Նա շեշտում է` Զոհրաբյանն իր անձնական տեսակետն է արտահայտել ֆեյսբուքյան անձնական էջում, ոչ թե հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։

Տոնոյանի տեղեկացմամբ` հարցն իրենց խմբակցությունում դեռ չեն քննարկել, և եթե նման բան տեղի ունենա, ապա գործընկերներին կտեղեկացնեն այդ մասին։

Հիշեցնենք` ԱԺ նախագահին «Իմ քայլի» ներկայացրած որոշման նախագիծն արդեն հրապարակվել է ԱԺ–ի պաշտոնական կայքում։
Հետաքրքրական է, որ որպես իր առաջարկի հիմնավորում` իշխող խմբակցությունը վկայակոչում է Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումները։ Ըստ նախագծի` Զոհրաբյանը դեկտեմբերի 17-ին Facebook-ում գրել է. «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։