Կապանի քաղաքապետը սահմանների դեմարկացիայի որևէ փաստաթուղթ չի տեսել

Գևորգ Փարսյանը տեղյակ չէ նաև Կապանում ռուսական ռազմաբազա տեղակայելու պայմանավորվածություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Թե ինչ իրավական հիմքով են Սյունիքի մարզի տարածքները տրվում Ադրբեջանին, Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը տեղյակ չէ։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ–ում կազմակերպված քննարկման ժամանակ, որը նվիրված էր սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակին։

«Թե ինչ հիմքերով է արվել, ես ո՛չ ինչ–որ փաստաթուղթ եմ տեսել, ո՛չ էլ ինչ–որ հիմքերի մասին եմ լսել։ Խնդիրն այն է, որ արդեն 3 ամիս է` մենք` համայնքի ղեկավարներս, ընդհանրապես ոչ մի կապ չունենք ՀՀ կառավարության հետ, բացառությամբ` ՊՆ–ի ու ԱԱԾ–ի։ Իսկ թե բացի ՀՀ կառավարությունից ուրիշ ով կարող է մեզ հիմքեր տրամադրել, ես չգիտեմ»,– ասաց Փարսյանը։

Քաղաքապետը տեղյակ չէ նաև Կապանում ռուսական ռազմաբազա տեղակայելու պայմանավորվածություններից։

«Ներկա պահին Կապանի Կարմրաքար կոչվող տարածքում տեղակայված են ռուս սահմանապահները։ Որոշակի քանակի ռուս սահմանապահներ կան նաև Կապանում ու Գորիսում»,– ասաց նա։

«Թշնամու դիրքը մեզնից 600–700 մ հեռավորության վրա է». կյանքը` Դավիթ Բեկում. տեսանյութ

Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՌԴ–ն մտադիր է Սյունիքի մարզի Կապան համայնքի տարածքում ռուսական ռազմաբազա տեղակայել։

Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել էր , որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի որոշ տեղերում կտեղակայվեն ռուս սահմանապահ ուժեր։

Մասնավորապես, դրանք կտեղակայվեն Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում և Գորիս-Կապան ավտոճանապարհի  21 կմ երկարությամբ հատվածում։ Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

Հեշտ չի լինելու. Ղարաբաղյան հակամարտության լուծումը դեռ առջևում է

Sputnik Արմենիայի թղթակիցները  Սյունիքի մարզից տեղեկացրել էին, որ  Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ ռուս սահմանապահների դիրք է տեղակայվել։