Կապանի քաղաքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի բնակիչներին

Կապանի քաղաքապետի խոսքով` դա անհրաժեշտ անվտանգային միջոցառում է այն բանից հետո, երբ Սյունիքի մի շարք գյուղեր սահմանակից են դարձել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն առաջարկում է որսորդական զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Այս մասին Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ղեկավարը։

Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. քաղաքապետ

«Կարող եք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ մեր գյուղերի տղամարդկանց զինելու հետ կապված, դրանով լրացուցիչ վստահություն ձեռք կբերեն մեր քաղաքացիները: Մտածենք, թե ինչպես անենք, որ զինենք մեր սահմանամերձ համայնքների գյուղացիներին, որ յուրաքանչյուր տղամարդ իր տանն ունենա զենք»,- ասաց Փարսյանը։

Նա նշեց, որ սա անհրաժեշտ անվտանգային միջոցառում է պետք այն բանից հետո, երբ Սյունիքի մի շարք գյուղեր դարձել են սահմանակից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների հետևանքով, հնարավոր է, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից 12-ն ադրբեջանական տարածքում հայտնվեն։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ տները կադաստրային քարտեզով գյուղի տարածքում են, բայց ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն Ադրբեջանական ԽՍՀ–ի տարածքում է եղել։ Վիճարկելի տարածքում է հայտնվել նաև Որոտան գյուղը։

Գորիս-Կապան ճանապարհը վտանգավոր է դարձել. ԱԱԾ-ն հեռախոսահամարներ է բաժանում

Հավելենք, որ հայկական զինուժն ու կամավորները հեռանում են Սյունիքում զբաղեցրած դիրքերից դելիմիտացիայի ու Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի շրջանակներում։ Դա բողոքի ակցիաների պատճառ է դարձել սահմանամերձ համայնքներում։