«Ի՞նչ պիտի անեմ, պոստեր եմ գնալու». Քաջարանի քաղաքապետը չի կալանավորվի

Չնայած Սամվել Փարամազյանն այնքան էլ չէր սպասում, որ դատարանը կմերժի իրեն կալանավորելու` քննիչի միջնորդությունը, այդուհանդերձ դատավոր Վաչե Մարգարյանը որոշել է մերժել այդ միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն այսօր դատարանի բակում հավաքվածներին հայտնեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը որոշեց մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը։ 

«Դատավորը քննիչի միջնորդությունը մերժեց կալանքի հիմքերի բացակայության պատճառով»,–ասաց Վարոսյանը։

Հարցին, թե սպասո՞ւմ էր նման որոշման, Փարամազյանը պատասխանեց` ոչ այնքան։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչ է պատրաստվում անել Քաջարանի քաղաքապետը։

«Ի՞նչ պիտի անեմ, պոստեր պիտի գնամ, մեր տղաները սպասում են։ Լիքը գործեր կան անելու»,–ասաց նա։

Դատարանի դիմաց հավաքվել էին Փարամազյանի համախոհները։

Առուշ Առուշանյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Նշենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Քաջարանի քաղաքապետը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, Քաջարանի Լեռնագործներ փողոցի 18-րդ հասցեում գործող ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են նույն համայնքի մեկ այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, բացահայտ առևանգել են նրան ու դուրս հանելով բնական միկրոսոցիալական միջավայրից՝ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան:

ԱԽՔ-ի պաշտոնանկության համար հող է նախապատրաստվում. ԶԼՄ

Հիշեցնենք, որ քրգործ է հարուցվել նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ։ Ի դեպ, Սյունիքի մարզի շատ համայնքապետներ, այդ թվում՝ նաև Քաջարանի համայնքապետը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: