Հրապարակվել է Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց․ ՄԻՊ

Որոշ վկայություններ նշում են, որ լրագրողներին թիրախավորած հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։

Ադրբեջանն Արցախում թիրախավորել էր լրագրողներին. 7 ծանր վիրավոր և քրեական հետապնդումներ

«Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու 2 հայ) և զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՄԻՊ զեկույցի ՝ դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա:

Բացի դրանից, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար:

Հավելենք, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունները լուսաբանելու նպատակով Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից հավատարմագրվել են օտարերկրյա 190 լրատվական ընկերությունների 390 լրագրողներ։

Շուշիում վիրավորված լրագրողը պատմել է` ինչպես է փոքրիկ հայուհին խնամել ու մխիթարել իրեն

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին հրետակոծության հետևանքով Մարտունիում վիրավորվել են ֆրանսիական «Le Monde»–ի երկու լրագրողներ՝ Ալան Կավալն ու Յաղոբզադե Ռաֆայել Շարլզին։ Նրանց ուղեկցող Գրիշա Նարինյանը զոհվել է։ 

Նույն օրը վիրավորում էին ստացել 24News․am-ի լրագրող Սևակ Վարդումյանն ու ArmeniaTV-ի օպերատոր Արամ Գրիգորյանը։

Հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծության ժամանակ վիրավորվել էին ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկը, «Ռուսաստանի սպաներ» պորտալի հատուկ թղթակից Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող Հրանտ Բալադյանը: Ավելի ուշ Արզանովին և Բալադյանին Մոսկվա էին տեղափոխել «Ռոսիա» կառավարական ինքնաթիռով:

Կոտենոկը բուժվում էր Երևանի «Էրեբունի» բուժկենտրոնում, նա օրեր առաջ վերադարձավ Մոսկվա։