Հայրենիքի փրկության շարժման ու ոստիկանության թվերը տարբեր են. քանի մարդ է բերման ենթարկվել

ՀՀ ոստիկանությունից լրատվամիջոցներին հայտնել էին, որ բերման են ենթարկվել 28 քաղաքացի: Հայրենիքի փրկության շարժումը, սակայն, իր հաշվառումն է իրականացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ այսօր երեկոյան Երևանում իրականացված անհնազանդության ակցիաներից բերման են ենթարկվել 34 քաղաքացի:

Նշենք, որ ոստիկանությունից լրատվամիջոցներին հայտնել էին, որ բերման է ենթարկվել 28 քաղաքացի: Հայրենիքի փրկության շարժումը, սակայն, իր հաշվառումն է իրականացրել։

«Ոստիկանությունը, կիրառելով բիրտ ուժ, բերման է ենթարկել բազմաթիվ քաղաքացիների»,– ասված է շարժման տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք`Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստներն այսօր երեկոյան փակել էին Երևանի մի շարք փողոցներ՝ պահանջելով Փաշինյանի անհապաղ հրաժարականը:

Քաշքշուկ Սայաթ-Նովա փողոցում. ընդդիմությունը փակել է Սարալանջի ճանապարհը

Երևանի տարբեր հատվածներում տեղի ունեցած ակցիաների հետևանքով կաթվածահար էր եղել Երևանի մի շարք կարևոր տրանսպորտային հանգույցների երթևեկությունը, մասնավորապես` Բաղրամյան պողոտայի, Սարալանջի խճուղու, Աբովյան փողոցի ու Մյասնիկյան պողոտայի։

Հավելենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։

Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. ընդդիմությունը փակում է փողոցները