Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի
«Հյուսիսային հոսք – 2»-ը կանգնեցնելու ԱՄՆ-ի բոլոր փորձերն այդպես էլ արդյունք չտվեցին։ Գազատարի արտասահմանյան ցամաքային հատվածի կառուցումն ավարտվել է։ Այժմ գազատար խողովակներ են տեղեադրվում Գերմանիայի ջրերում, հետո նույնն արվելու է Դանիայում։ Վերլուծաբանները նշում են, որ նախագիծը վերջնուղի է դուրս եկել ու ամեն դեպքում կավարտվի։ Սակայն շահագործումը սկսելու փուլում կարող են խնդիրներ առաջանալ։
Ամեն ինչ պատրաստ է
«Գազպրոմի» նախագահի տեղակալ, «Գազպրոմ էքսպորտի» գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան ներդրումային բանկերի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ խողովակաշարի արտասահմանյան ցամաքային հատվածն ամբողջովին պատրաստ է։
«Ոչնչացնելը դժվար կլինի». ամերիկացիները վերադառնում են հյուսիսային բունկեր
Դեկտեմբերի տասնմեկին՝ մեկտարյա դադարից հետո, վերսկսվեցին աշխատանքները Գերմանիայի տարածքային ջրերում։ Հունվարի 15-ից կսկսեն խողովակներ անցկացնել Դանիայի ջրերում։ Բուրմիստրովայի խոսքով՝ ծովային հատվածի շինարարության ավարտի ժամկետը կախված է մի շարք պայմաններից, մասնավորապես՝ եղանակից։
Վերլուծաբանները նշում են, որ հնարավոր է՝ հիմա շինարարության ամենաբարդ շրջանն է։ Բալթիկ ծովում ուժեղ փոթորիկներ են։ Միաժամանակ գազատարին նախկինի պես ամերիկյան պատժամիջոցներ են սպառնում։
Փորձերը չեն դադարում
Հոկտեմբերին նախագծի վրա տարածվեց «Եվրոպայի էներգետիկ անվտանգության պաշտպանության մասին» PEESA փաթեթի ազդեցությունը։ Սահմանափակումների տակ ընկան ընկերություններ, որոնք խողովակների տեղադրման վրա աշխատող նավերի արդիականացման կամ սարքավորումներով համալրելու համար ծառայություններ, սարքավորումներ կամ ֆինանսավորում էին տրամադրում։
Այժմ սպառնալիքի տակ են ընկել ապահովագրական ու սերտիֆիկացիոն ընկերությունները, որոնք համագործակցում են ռուսական նավերի հետ։ Կոնգրեսն արդեն հաստատել է պատժամիջոցները, դրանք կներառվեն 2021 թվականի պաշտպանական բյուջեի փոփոխությունների մեջ։ Արդյունքում ապահովագրական ընկերությունները չեն համարձակվի փոխհատուցել խողովակաշարի շինարարության ընթացքում առաջացած վնաը, իսկ սերտիֆիկացիոն ընկերությունները չեն կարողանա գնահատել եռակցված խողովակների հուսալիությունը՝ Գերմանիային գազ մատակարարելուց առաջ։ Թեև փորձագետները նշում են, որ նոր պատժամիջոցների վտանգավորությունը դեռ այնքան էլ պարզ չէ։
«Մի կողմից՝ կոնգրեսն ընդունել է այդ օրինագիծը մյուս կողմից՝ Դոնալդ Թրամփը չի ստորագրել այն, ու դեռ փաստ չէ, որ Ջո Բայդենը կստորագրի․ առաջինը դեռ պետք է իրերը հավաքի ու Սպիտակ տունը լքի, երկրորդն էլ պետք է տեղավորվի այնտեղ ու գլուխ հանի տնտեսության անմխիթար վիճակից», - կարծում է անկախ փորձագետ Լեոնիդ Խազանովը։
Լուծում կգտնի
Գերմանիայում արդեն հայտարարել են, որ եթե Սպիտակ տունն իրագործի այդ ծրագրերը, բունդեսթագում պատասխան միջոցներ կկիրառեն։ Մասնավորապես՝ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներքին փաստաթղթում նշվում է, որ Մերկելի կառավարությունը դիտարկում է Եվրամիության հետ համակարգված գործողություններ։
Նախագծի գործընկերները նշում են՝ Ռուսաստանն ամեն դեպքում կշրջանցի պատժամիջոցներն ու կավարտի շինարարությունը։ «Խողովակների տեղադրումը կվերսկսվի, գազատարի կառուցումը ավարտին կհասցվի», - վստահեցրել է OMV AG ավստրիական նավթային ընկերության գործադիր տնօրեն Ռայներ Զելեն։
Օքսֆորդի ինստիտուտի Էներգետիկ հետազոտությունների մասնագետները կարծում են, որ «Հյուսիսային հոսք - 2»-ը կարելի է ավարտել ամռանը, իսկ հաջորդ ձմռանն արդեն կարելի է սերտիֆիկատներ ստանալ գազի փոխադրման համար։ Հետագա պատժամիջոցները հավանաբար կձգձգեն ժամկետները, սակայն ի վերջո Ռուսաստանը «ցանկացած խոչընդոտ հաղթահարելու ճանապարհ կգտնի»։ Վերլուծաբաններն ընդգծել են, որ ամերիկացիները «պետք է հասկանան, որ իրենք չեն կարող դադարեցնել նախագիծը»։
Ռուս փորձագետներն էլ են նման կանխատեսումներ անում։ «Հյուսիսային հոսք – 2»-ի դեմ այժմ գործող պատժամիջոցները «Գազպրոմի» համար ասես մոծակի խայթոց լինեն, նույն հաջողությամբ Վաշինգտոնում կարող էին արգելել մեզ բնական գազ արդյունահանել։ Եթե Ջո Բայդենը ստորագրի օրինագիծը, «Գազպրոմը» գործընկերների հետ, միևույնն է, գործը տրամաբանական ավարտի կհասցնի ու կսկսի գազ մղել։ Իմ կարծիքով՝ ապրիլ-մայիսին խողովակների տեղադրումը կավարտվի», - ասում է Լեոնիդ Խազանովը։
Շահագործման մեկնարկը
Մասնագետներն ընդգծում են՝ խորը ջրային հատվածներում շինարարության հետ կապված ամեն ինչ արդեն արգելված է։ Այդ պատճառով «Գազպրոմը» գործում է խոչընդոտները հաշվի չառնելով ու չի պատրաստվում կանգ առնել։
«Գազպրոմը» փորձում է նվազագույնի հասցնել պատժամիջոցների հետևանքները՝ փոխելով սեփականատերերի շղթան։ Աշխատանքներին մասնակցող բոլոր նավերը փոխել են տերերին։ Նույն «Ակադեմիկոս Չարսկին» նախկինում պատկանում էր «Գազպրոմֆլոտին», իսկ հիմա՝ Սամարայի էներգետիկ հիմնադրամին։ Իմաստն այդ սեփականությունը իրենից հեռացնելն է։ ««Գազպրոմը» նավերը գրանցում է ոչ մի բանի չպարտավորեցնող գրասենյակների անունով, հույս ունենալով, որ գլխավոր ընկերության կառույցները չեն տուժի», -պարզաբանում է Ռուսաստանի կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի փորձագետ, Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը։
Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը
Սակայն նրա խոսքով՝ եթե շինարարությունն ավարտին հասցնելու հետ ամեն ինչ պարզ է, ապա շահագործմանն անցնելու փուլում կարող են դժվարություններ առաջանալ։ Բանն այն է, որ 2021 թվականի ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեում մտցված պատժամիջոցները վերաբերում են գազատարի սպասարկմանն ու դրա շահագործմանը։ Չի բացառվում, որ դրանք խիստ կլինեն։ Ու այստեղ շատ բան կախված է եվրոպացիներից․ արդյո՞ք նրանք կհամարձակվեն գազը տեղափոխելու և օգտագործելու թույլտվություն տալ, թե ոչ։