ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արմավիրում անհետ կորած զինվորների ծնողներին վստահեցրեց, որ ադրբեջանական կողմում հայտնված բոլոր գերիներին հետ են բերելու։
«Բոլորին բերելու ենք, բոլորին անխտիր», - շեշտեց նա։
Նրա խոսքով` հայկական կողմն Ադրբեջանին խնդրել է օգնել, որ որոնողական աշխատանքների արդյունքում դուրս բերեն զոհված զինվորների մարմինները։
«Առաջիկայում ուրիշ քայլեր ենք անելու, որպեսզի իրենք էլ հուշեն, ադրբեջանցիներին խնդրել ենք, որ ասեն՝ որտեղ կան մարմիններ, որպեսզի դուրս բերենք», - ասաց Արցախի նախագահը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Արցախում, որոնք դադարեցվեցին նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի ստորագրած հայտարարությունից հետո։
Անհետ կորածների ծնողները ներխուժեցին ՊՆ շենք. տեսանյութ
Պատերազմի ընթացքում զոհվածների վերջնական թիվը դեռ հայտնի չէ։ Արցախի պաշտպանության նախարարությունն առայժմ մոտ 1800 անուն է հրապարակել։ Դեկտեմբերի 11-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել 2996 զոհվածի մարմին, բայց դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են նրանցից միայն 302–ի մարմինները։
Անհետ կորածների հստակ թիվը հայտնի չէ։ Նրանց հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում ՀՀ կառավարության ու ՊՆ–ի մոտ` պահանջելով, որ պատկան մարմինները տեղեկություններ հայտնեն իրենց զինվորների մասին։