ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական կողմից Վերին Լարս անցակետում մոտ 300 բեռնատար է կուտակվել, որը մոտ 5 կիլոմետրանոց հերթ է առաջացրել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։
Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Վերին Լարսի անցակետում բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել:
«Այս պահին հերթն այնքան էլ մեծ չէ, մոտ 300 բեռնատար է կուտակվել ։ Դրանց թվում են նաև ոչ միայն հայկական համարանիշերով մեքենաները։ Պատճառը վատ եղանակային պայմաններն են, նաև վրացական կողմից փակ է հատվածը», — ասել է Թանանյանը։
Նա տեղեկացրեց, որ արդեն սկսվել է մաքսային ձևակերպումների համար համապատասխան փաստաթղթերի հավաքագրումը։ Դա թույլ կտա վարորդներին ճանապարհը բացելուց հետո արագ անցնել բոլոր ընթացակարգերը։
Թանանյանը խոսքով` նախնական տվյալներով ճանապարհը վաղը կբացվի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ համար փակ է Կոբի-Գուդաուրի ճանապարհի միջազգային նշանակության Մցխեթա–Սթեփանցմինդա-Լարս հատվածը: