Թաթոյանն անթույլատրելի է համարում զենքով հարցեր լուծելու մասին կոչերը

Հայաստանի օմբուդսմանը նշել է, որ իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է: Facebook–ի իր էջում այսպիսի հրապարակում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ոստիկանությունը պատնեշ է կազմել կառավարության շենքի շուրջ. ընդդիմությունը «կօգնի» նրանց

«Այս օրերին տեղի ունեցող` ընդդիմության զանգվածային ակցիաների կազմակերպիչները պարտավոր են նկատի ունենալ, որ ընդդիմությունը նույնպես պետականության ինստիտուտ է, ընդդիմությունից նույնպես կախված է երկրում մարդու իրավունքների վիճակն ու համերաշխությունը, ուստի պետք է գործել ըստ այդմ»,–գրել է Թաթոյանը:

Նա նշել է, որ իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում, իսկ այս ամենին զուգահեռ, իրավապահ ու մյուս իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ իրենց սեփական գործողություններում, թե՛ երկրում:

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումն այսօր ժամը 10-ից շրջափակել էր կառավարության գլխավոր մասնաշենքը՝ թույլ չտալու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք։

Կառավարական ավտոմեքենաները ճեղքում են ցուցարարների շղթան. տեսանյութ

Սակայն դա նրանց չհաջողվեց, ու ժամը 11-ին կառավարությունում Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկեց կառավարության նիստը։

Հավելենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։