Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ե՞րբ և ի՞նչ գնով կհասնի Հայաստան

ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում ինչպես կոնկրետ մատակարարների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանն այսօր «Պատվաստանյութ COVID-19-ի դեմ. երբ և որ երկրից կհասնի Հայաստան» թեմայով քննարկման ժամանակ հայտնել է, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է ստանալ ավելի ցածր գնով։

702 նոր դեպք, 23 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում ռուսական կամ ամերիկյան պատվաստանյութ ունենալու ուղղությամբ։ Սպասվում է, որ Հայաստանը պատվաստանյութի առաջին խմբաքանակը կստանա 2021 թվականի հունվարի վերջին:

«Առողջապահության նախարարությունը բանակցությունները սկսել է դեռ հուլիսին ինչպես կոնկրետ մատակարարների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ: Այդ ժամանակահատվածում նախաձեռնություն ստեղծվեց` «COVAX Facility»-ն, և երկրներն աստիճանաբար ներգրավվում են այդ նախաձեռնությունում: Միասնական ջանքերով պատվաստանյութերի ձեռքբերումը հնարավորություն կտար երկրներին ինչպես հասանելիություն ապահովել, այնպես էլ մատչելիություն»,– ասաց Սահակյանը։

Նշված հարթակը մեկ դեղաչափի գինը նախնական սահմանել է 10,5 դոլար համար, բայց այժմ որոշ մատակարարներ արդեն 6 դոլար են առաջարկում:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցում է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ: Առաջին փուլում առողջապահության նախարարությունը մտադիր է 600 հազար դեղաչափ գնել, այսինքն՝ երկրի բնակչության 10 տոկոսի պատվաստման համար (պատվաստման համար պահանջվում է երկու չափաբաժին):

Բացի այդ, խորհրդակցություններ են ընթանում Ամերիկյան «Moderna»–ի հետ, որի հիմնադիրը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է:

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել COVID-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Բրիտանական AstraZeneca-ն COVID-ի դեմ պատվաստանյութը կփորձարկի «Սպուտնիկ- V»-ի հետ համատեղ