Ղարաբաղի կարգավիճակը լրացուցիչ բանակցություններ է պահանջում․ Վալենտինա Մատվիենկո

Դաշնության խորհրդի նախագահը հիշեցրել է՝ ռուսական կողմը թույլ չի տվել, որ հակամարտությունն ավելի սրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հույս ունի, որ միջազգային ջանքեր կգործադրվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Ռուս խաղաղապահներն ավարտին են հասցնում Ստեփանակերտի հյուսիսային հատվածի ականազերծումը

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լրացուցիչ բանակցություններ է պահանջում։ Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն, Ֆրանսիայի նախագահը, ԱՄՆ–ի նախագահն ու այն պետությունները, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում, ջանքեր կգործադրեն։ Դեռ շատ բարդ աշխատանք կա անելու, բայց ամենակարևոր ձեռքբերումը կա` իրականացվել են այն միջազգային պայմանավորվածությունները, որոնք սահմանել են Ադրբեջանին պատկանող հողերի վերադարձը․․․ Դա խոսում է հենց այն մասին, որ Ռուսաստանն առանցքային դերակատարություն է ունեցել», - ասել է Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը թույլ չի տվել, որ հակամարտության հետագա էսկալացիա տեղի ունենա ու մարդկային նոր զոհեր լինեն։

«Դա շատ բարդ համաձայնություն է եղել, դրան հասնելը հեշտ չէր․․․ Այսօր հենց ռուս խաղաղապահներին են հակամարտության գոտում պահում այդ համաձայնությունը, չեն թողնում խախտել դրա պայմանները, թույլ չեն տալիս վերադառնալ զինված բախումներին, նպաստում են խաղաղ կյանքի հաստատմանը», - ավելացրել է Մատվիենկոն։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են