ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը 30 միլիոն խորանարդ մետր գազ կխնայի հայ-ադրբեջանական սահմանի գազատարի վերանորոգման շնորհիվ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։
Հայաստանի հյուսիս-արևելքում գազատարի գլխավոր ճյուղի հատվածներից մեկը՝ Ադրբեջանի հետ սահմանին, վնասվել է 90-ականների մարտական գործողությունների ժամանակ։ Այնտեղ ավելի քան 20 տարի խոշոր անցքեր կային։ 2020 թվականի գարնան-ամռանը հաջողվեց վերանորոգել գազատարը, ընդ որում՝ և Վրաստանից Հայաստան եկող ճյուղավորումը, և բուն հայկական տարածքի հատվածը։
Նախկինում Հայաստանն այդ անսարքությունների պատճառով կորցնում էր հանրապետություն մտնող գազի 1,5%-ը, դա տարեկան մոտ 30 միլիոն խորանարդ մետր է։ Կոպիտ հաշվարկներով՝ հենց այդքան գազ է սպառում 15-17 հազար ընտանիք մեկ տարում։
«Մենք արդեն հունիսից, երբ ավարտվեցին աշխատանքները, սկսեցինք զգալ վերանորոգման արդյունքը։ Ամսական 2-3 միլիոն խորանարդ մետր ենք տնտեսում, տարեկան մոտ 30 միլիոն է ստացվում», - ավելացրեց Թադևոսյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի գլխավոր գազատարներն ընդհանուր առմամբ շատ մաշված են․ գազատրանսպորտային համակարգի մոտ 40%-ը 30 տարուց հին է։ Առաջիկայում վերանորոգումը կշարունակվի նաև այլ ուղղություններով, այդ թվում նաև սահմանամերձ Բերդ քաղաք տանող ճյուղի վրա, որը նույնպես երկրի հյուսիս-արևելքում է, նաև Գորիսի շրջանում՝ հարավում, ու մի շարք այլ ուղղություններով։
Այժմ գազի կորուստը համակարգում մոտ 5,7% է կազմում։ Ծրագրած աշխատանքի արդյունքում՝ 2025 թվականին, կորստի մակարդակը պետք է նվազի մինչև 3,9%, իսկ 2030 թվականին մինչև 3,0%։
Ինչ վերաբերում է Արցախ տանող գազատարին, Թադևոսյանն ասաց, որ այն մարտական գործողությունների ժամանակ տուժել է, բայց արդեն վերականգնվել է։ Նա ընդգծեց, որ օրերս համացանցում վնասված խողովակի լուսանկարներ էին հայտնվել, բայց դրանք արվել են հոկտեմբերին, ոչ թե այսօր։
«Արցախի բաշխիչ ցանցի ներկայիս իրավիճակի մասին հստակ չեմ կարող խոսել, քանի որ այն ոչ թե մեր, այլ մեր արցախյան գործընկերների կառավարման տակ է։ Բայց իմ տեղեկություններով՝ բաժանորդների գազամատակարարումը հիմնական վերականգնված է», - ավելացրեց նա։
«Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, զբաղվում է Հայաստանում բնական գազի մատակարարուրմամբ ու բաշխումով։