Ձերբակալվել է հանրահավաքի ժամանակ բռնությամբ իշխանությունը զավթելու կոչ արած անձը

ՀՀ դատախազությունը հայտնում է, որ նման բոլոր հանցավոր դրսևորումները հետապնդվելու են օրենքի ողջ խստությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ձերբակալվել է դեկտեմբերի 24-ին Հանրապետության hրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ բռնությամբ իշխանությունը զավթելու կոչով հանդես եկած անձը։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի մոտ. կան տուժածներ ու բերման ենթարկվածներ

«Դեկտեմբերի 24-ին Հանրապետության hրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հնչել են հանրահավաքի մասնակիցներին ուղղված՝ իշխանությունը բռնությամբ զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր: ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից այդ կոչերը հնչեցրած անձը՝ Ս.Կ.-ն բերման է ենթարկվել: Դատախազության հանձնարարությամբ նշված փաստի կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրգործ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

ՀՀ դատախազությունը հայտնում է, որ նման բոլոր հանցավոր դրսևորումները հետապնդվելու են օրենքի ողջ խստությամբ:

Դատախազությունը հանրահավաքների, հավաքների կազմակերպիչներին և վարողներին կոչ է անում հետևողականություն դրսևորել հրապարակային ելույթների հարթակները պետության ներքին կայունության և անվտանգության համար վտանգավոր նման դրսևորումներից զերծ պահելու, այդպիսի կոչերի հետագա կրկնությունը բացառելու համար:

Նշենք, որ այսօր ընթացող հանրահավաքի ժամանակ քաղաքացի Սարգիս Կարապետյանն էր ելույթ ունեցել և ռազմական հեղաշրջում անելու կոչ արել։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներն անցկացվում են Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն ու մոտ 70 այլ ցուցարարի

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայրենիքի փրկության շարժում», որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։