ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Նա իր այցի մասին հայտնել է Facebook-ում։
«Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը»,– գրել է Թաթոյանը։
Պաշտպանը հավելել է, որ հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին գերիների փոխանակման առաջին ու առայժմ միակ փուլի ընթացքում Ադրբեջանից Հայաստան էին վերադարձել 44 գերեվարվածներ։
Եվս 1 գերի վերադարձվեց դեկտեմբերի 15-ին։
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 12 անձի, որոնց թվում` Արցախում սպանության ու դիվերսիայի համար դատապարտված 2 հանցագործների։
Արցախում նոր գերիներ չեն վերցվել. ՊԲ–ն` տարածված տեսանյութի մասին
Դեկտեմբերի 18-ին Հայաստան վերադարձան Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի հատվածում շրջափակման մեջ մնացած 72 կամավորներ։
Իսկ դեկտեմբերի 21-ին հայտնաբերվել ու Ստեփանակերտ են տեղափոխվել անհայտ կորած համարվող 6 զինծառայողներ, որոնք մնացել էին թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում։
Գերիների մասին թվային ստույգ տվյալներ կողմերը չեն հայտարարում։ Բաքուն ընդունում է 62 գերու փաստը։