Ադրբեջանցիները մտել են Որոտանի տարածք. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում

Ադրբեջանի և Հայաստանի միջև իրականացվող տխրահռչակ սահմանագծման հետևանքով գյուղի որոշ բնակիչներ կարող են զրկվել տնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի սահմանամերձ Որոտան գյուղը հայտնվել է ադրբեջանցիների «նշանառության» տակ։ Վերջիններս մտել են գյուղի տներից մեկը և պահանջել, որ տանտերերը լքեն այն՝ հայտարարելով, որ դա ադրբեջանական տարածք է։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Սյունիքի Որոտան ու Շուռնուխ գյուղերում կարող են ցավոտ իրավիճակներ առաջանալ. Փաշինյան

Որոտանը ընդգրկված է Գորիսի խոշորացված համայնքի կազմում։

«Իրենք իրենց GPS–ով մեզ պարտադրում են, որ սա իրենց տարածքն է։ Իսկ այդ հատվածում մարդկանց այգիներն են, այգիներում` կառուցված տներ, որոնք անմիջապես գյուղինն են։ Մոտավորապես 12 տուն է։ Այս պարագայում մեր իշխանությունը թքած ունի` ինչ է կատարվում Սյունիքում։ Փոխարենը Գորիսի քաղաքապետին ձերբակալելով են զբաղված»,– ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով` սահմանագծման գործընթացին մասնակցում են միայն համայնքային իշխանության ներկայացուցիչները, բայց, ըստ Հովսեփյանի, միայն իրենց ձայնը շատ քիչ է։

Հարցին, թե այս պահին ինչ է կատարվում գյուղում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կոնկրետ այս պահին էն առաջին տունը, որտեղ մեկ–երկու օր առաջ մտել են թուրքերը, ասել են` դուրս եկեք էստեղից, հիմա այդ տան պլաշչադկում կանգնած են թուրքերը»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների հետևանքով, հնարավոր է, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից 12–ն ադրբեջանական տարածքում հայտնվեն։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ տները կադաստրային քարտեզով գյուղի տարածքում են, բայց ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն Ադրբեջանական ԽՍՀ–ի տարածքում է եղել։ Վիճարկելի տարածքում է հայտնվել նաև Որոտան գյուղը։

Հավելենք, որ հայկական զինուժն ու կամավորները հեռանում են Սյունիքում զբաղեցրած դիրքերից դելիմիտացիայի ու Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի շրջանակներում։ Դա բողոքի ակցիաների պատճառ է դարձել սահմանամերձ համայնքներում։