Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ կպահպանի թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի հետ․ Գախարիա

Պետք է շատ զգույշ խոսել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շատ զգույշ գնահատել այն, հայտարարել է Վրաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, ընդգծելով, որ տեղի ունեցածի վերջանական արդյունքները դեռ որևէ մեկի համար պարզ չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Գախարիան, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ երկիրը կպահպանի չեզոքությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում:

Վրաստանն ադրբեջանական գազի համար հատուկ զեղչ է ստացել

Նա հայտարարել է, որ մտադիր է պահպանել բարիդրացիական հարաբերությունները ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։

Չնայած տարածաշրջանում հակամարտության հետ կապված դժվարին մարտահրավերներին, Վրաստանը կարողացավ չեզոքություն պահպանել, որը հնարավորություն տվեց «բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ»,-հայտարարել է Գախարիան։

Դա շատ կարևոր է, որպեսզի Վրաստանը հետագայում ևս կարողանա իրականացնել բարիդրացիության տարածաշրջանային ֆունկցիան, ընդգծել է նա։

«Պետք է շատ զգույշ խոսել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շատ զգույշ գնահատել այն, քանի որ տեղի ունեցածի վերջանական արդյունքները դեռ որևէ մեկի համար պարզ չեն։ Դրա համար ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք տեսնենք այդ փոփոխությունների ուրվագծերը, ինչն անհրաժեշտ է դրանց վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման համար»,-հայտարարել է Գախարիան։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախյան ռազմաճակատում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։