Սյունիքի ոստիկաններն ու ռուս սահմանապահները թմրաշրջանառության հերթական դեպք են բացահայտել

Շուրջ 3 կիլոգրամ թմրանյութը թաքցված է եղել ավտոմեքենայի բեռնախցիկի դռան մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի լույս 21-ի գիշերը քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, հայտնաբերել են թմրանյութի խոշոր փաթեթ։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, իր ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Կապանի բաժին է բերման ենթարկվել Ախալքալաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։

Նրա վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավոտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է ափիոնի նմանվող զանգվածներով երեք փաթեթ՝ ընդհանուր 2 կիլոգրամ 950 գրամ քաշով։ Փաթեթները թաքցված են եղել ավտոմեքենայի բեռնախցիկի դռան մեջ։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ապօրինի թմրաշրջանառության դեպքը բացահայտվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Կապանի բաժինների, ինչպես նաև ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ համագործակցության արդյունքում։

Կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել «Սևան» ՔԿՀ

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 33-ամյա տղամարդը ձերբակալվել է։