Քննիչներն այցելել են Վազգեն Մանուկյանին. Սաղաթելյանն ու Վանեցյանը հրավիրվել են ՔԿ

Ընդդիմության առաջնորդները քննչական մարմինների հրավերները մեկնաբանում են որպես սպառնալիքների միջոցով իրենց վրա ազդելու փորձ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Քննչական կոմիտեի քննիչներն այսօր այցելել են ընդդիմության` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին։ Տեղեկությունը Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Փորձում են մարդկանց նման մեթոդներով սպառնալ, գործեր հարուցել, բերման ենթարկել՝ հույս ունենալով, թե այդ ճանապարհով կարող են ազդել: Չեն կարողանալու: Մեր շարքերն ավելի են ընդլայնվելու: Հեռացնելու ենք գերագույն գլխավոր դավաճանին` հանուն մեր երկրի»,– ասաց Սաղաթելյանը։

Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է

Նա հայտնեց, որ նույն նպատակով քննչական մարմին են հրավիրվել նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ու այլոց։

Իսկ իրեն ՔԿ հրավիրելը Իշխան Սաղաթելյանը վերագրում է երեկ իր արած քաղաքական հայտարարությանը։ Քննիչների` բացատրություն տալու պահանջը, սակայն, Սաղաթելյանը մերժել է։

Իշխան Սաղաթելյանին ՔԿ հրավիրելու հանգամանքը Քննչական կոմիտեն մեկնաբանում է դեկտեմբերի 22-ի հանրահավաքում Սաղաթելյանի կողմից ԱԺ պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու կոչով։

Այս հիմքով` ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական  գործ հարուցելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում  բացատրություն տալու նպատակով Սաղաթելյանը հրավիրվել է քննչական մարմին։

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ևս Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալով` լրագրողներին հայտնեց, որ իրեն հրավիրել են բացատրություն տալու, բայց չեն ասել, թե ինչ գործով։

3-10 կամ 10-15 տարի ժամկետով ազատազրկում. ոստիկանությունը զգուշացնում է ընդդիմադիրներին

«Վերջին շրջանում միտումնավոր ինձ կանչում են այն ժամերին, երբ մենք ունենք հանրահավաքներ կամ այլ բողոքի ակցիաներ»,- ասաց Վանեցյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որ Իշխան Սաղաթելյանին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե։ Նա Facebook–ի իր էջում գրել էր, որ հավելյալ տեղեկություն կտրամադրի։

Այս պահին էլ Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքը շարունակվում է։