ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Քաղաքապետարանում բազմաթիվ հաստիքներ ավելի ցածր են վարձատրվում, քան նմանատիպ այլ հաստիքներ տարբեր պետական կառույցներում, աշխատավարձերը պետք է բարձրացվեն։ Այս մասին այսօր ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը՝ խոսելով քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու կարևորության մասին:
«Արդեն մեկուկես տարի է անցել, բայց մենք չենք քննարկել աշխատավարձերի բարձրացման նախագիծը, սակայն սա խնդիր է, որը ծառացած է և սպասում է իր լուծմանը»,– ասաց Ավետիսյանը:
Նրա խոսքի հետ բոլորը համակարծիք էին, համենայնդեպս առարկություններ չհնչեցին։
«Հազարավոր աշխատակիցների աշխատավարձերը չպետք է կախված լինեն նրանից, թե երկրում ինչ քաղաքական վիճակ է, թե ուղղորդված լրատվականներն ինչպես կմեկնաբանեն այդ որոշումը, չպետք է կախված լինի նրանից, թե երկում ինչ սոցիալական վիճակ է»,- ասաց Ավետիսյանը։
Նա առաջարկեց, որ մոտ ապագայում ավագանիները նման նախագիծ բերեն, և վերջապես աշխատավարձերը բարձրացվեն: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ ավագանու անդամներն ունեն օրենքով սահմանված այդ իրավունքը և կարող են նման նախագիծ առաջարկել և ընդունել։
Ոչ թե պարգևավճար, այլ 13-րդ աշխատավարձ. ինչ են ստացել ԱԺ աշխատակիցները
Հայկ Մարությանը նաև արձագանքեց, որ անկախ նրանից, թե ինչ կորոշի Երևանի ավագանին աշխատավարձ բարձրացնելու հետ կապված, նա հրաժարվում է, որ իր աշխատավարձը բարձրացվի:
«Իմ աշխատավարձը կմնա այնքան, որքան հիմա կա, եթե բարձրացվի, ապա այն կգնա բարեգործական մի ծրագրի»,– ասաց նա:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները հոկտեմբերի համար պարգևավճար չեն ստացել
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյան էլ տեղեկացրեց, որ քաղաքապետարանի աշխատակազմի պարգևավճարներից խնայված միջոցներով կկահավորվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած երևանաբնակ զինծառայողների բնակության վայրերի մուտքերը: Ըստ այդմ, մեր հերոսների տեղաշարժի մատչելիությունն ապահովելու նպատակով կտեղադրվեն նաև հատուկ հարմարեցված վերելակներ: