ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Տարվա լրագրողի տիտղոսը, որը ստացել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) հարցման արդյունքում, չի զարմացրել «Ռոսիա 1» հեռուստաալիքի և սեփական YouTube-ալիքի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին: «Говорит Москва» ռադիոկայանի եթերում նա ասել է, որ այդ տվյալները հաստատում են իր նախագծերի և եթերների վարկանիշները:
«Հեռուստադիտողի գնահատականն ու վարկանիշների վիճակագրական ցուցանիշները համընկնում են. անհամապատասխանություն չկա», — ասել է հաղորդավարը:
Նա բարձր գնահատականի համար շնորհակալություն է հայտնել հեռուստադիտողին և ընդգծել, որ քաղաքացիները վստահում են ոչ միայն և ոչ այնքան իրեն, որքան հաղորդման հյուրերին, քանի որ ինքը հրավիրում է միայն խելացի, հետաքրքիր մարդկանց, որոնք սուր բանավեճի միջոցով փորձում են շփվել միմյանց հետ: Նրա խոսքով` հենց դա էլ գրավում է հեռուստադիտողին, չէ՞ որ նա հեռուստադիտողը, նրան չես խաբի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հարցում է անցկացրել, թե ինչպես են ռուսաստանցիները հիշել 2020 թվականը, և իր կայքում ներկայացրել հարցման տվյալները: Որպես 2020 թվականի գլխավոր միջազգային իրադարձություն ռուսաստանցիներն առանձնացրել են կորոնավիրուսի համավարակը (42%), մարտական գործողություններն Արցախում ու Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղություն հաստատելը (28%), ՌԴ սահմանադրական փոփոխությունների ընդունումը (25%), Covid-19-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի մշակումը (25%) և ընտրությունները Բելառուսում (23%)։
Ռուսաստանցիների համար տարվա քաղաքական գործիչ է շարունակում մնալ Վլադիմիր Պուտինը․ հարցման մասնակիցների 38%-ը նրա անունն են տվել։ Հետո մեծ տարբերությամբ գալիս են Միխայիլ Միշուստինը (17%), Սերգեյ Շոյգուն (15%),Սերգեյ Լավրովը (9%) Վլադիմիր Ժիրինովսկին (7%) և այլ գործիչներ։
Ամենից շատ ժողովրդականություն վայելող հեռուստահաղորդումների եռյակում են «Ռոսիա -1» հեռուստաընկերության «Вести», «Воскресный вечер с Владимиром Соловьевым» (յուրաքանչյուրը` 6-ական տոկոս) և «60 минут» (5%) հաղորդաշարերը։
2020 թվականի ամենադիտվող YouTube-ալիքներն են «ВДудь» (4%) և «Редакция» (2%) ալիքները։
Ռուսաստանցիների կարծիքով՝ տարվա լրագրողներն են Վլադիմիր Սոլովյովը (6%), Յուրի Դուդն ու Օլգա Սկաբեևան (յուրաքանչյուրը` 2-ական տոկոս)։ Տարվա ամենասիրված լրագրողների հնգյակն ամփոփում են Վլադիմիր Պոզներն ու Ալեքսեյ Պիվովարովը (յուրաքանչյուրը` 2-ական տոկոս)։
Ռուսաստանցիների վարկածով՝ տարվա ԶԼՄ են համարվում «Առաջին ալիքը» (9%), «Ռոսիա-1»–ն (6%) ու «Ռոսիա-24»–ը (4%)։
Հարցմանը մասնակցել են 1,6 հազար մարդ։