«Դժվարությամբ որոշեցի». Բեգլարյանն Արցախի նախագահից այլ աշխատանքի անցնելու հրավեր է ստացել

Արտակ Բեգլարյանն այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից ազատվելու երկրորդ դիմումը կներկայացնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնեց` դժվարությամբ է որոշում կայացրել լքելու իր պաշտոնը։ Բեգլարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց` ինչու է երեկ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից ազատման դիմում գրել։

«Ըստ օրենքի` կամ պետք է երկու անգամ ազատման դիմում ներկայացնեմ, կամ էլ 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնեմ առաջին դիմումս։ Այսօր, հավանաբար, երկրորդ դիմումը կներկայացնեմ։ Բացի այդ, Արցախի նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիրում այլ պաշտոն զբաղեցնել։ Դժվար որոշում եմ կայացրել, սակայն կարծում եմ` գործադիրում ավելի օգտակար կարող եմ լինել»,–ասաց Բեգլարյանը։

Նա ասաց նաև, որ դեռ չի կարող հստակեցնել` ինչ պաշտոն է ստանձնելու։

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Խոսելով առաջիկայում նախատեսված անելիքների մասին` Բեգլարյանը նշեց, որ ուշադրությունը մի քանի խնդիրների վրա պետք է կենտրոնացնել` պետական համակարգը պետք է անվտանգային միջավայրի ռիսկերի նվազեցումն ապահովի։

Այստեղ, ըստ Բեգլարյանի, մեծ է ռուս խաղաղապահների գործը։ Բացի այդ, պետք է նաև քաղաքացիների հետ բաց շփում ապահովել, որպեսսզի հասարակությունն իմանա` ինչ է իրեն սպասում։

Անօթևանների խնդիրները նույնպես պետք է լուծվեն. մասնավորապես, 40 000 անձ է անօթևան մնացել ռազմական գործողությունների հետևանքով, որոնց մեծ մասն արդեն իսկ Արցախում է։ Արցախի բնակչության սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ նույնպես պետք է քայլեր արվեն, առկա ծրագրերը կյանքի կոչվեն։

Մանե Թանդիլյանը պաշտոն ստացավ Արցախում