Ադրբեջանի բանտում 2 տարեց հայ է սպանվել, մեկի մարմինը չեն փոխանցել. Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Հայաստան վերադարձած 53 գերիների մեծ մասը ֆիզիկական բռնության են ենթարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ընդհանուր առմամբ, հայկական կողմին է վերադարձվել 53 գերի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը` անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին։

Ադրբեջանը պետք է մինչև դեկտեմբերի 28-ը հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրի

«Բացի այս 53 անձանցից, պաշտոնապես հայտարարվել է նաև, որ երկու քաղաքացիական գերիներ են մահացել ադրբեջանական բանտում։ Մեկի մարմինը փոխանցվել է, մյուսինը դեռ չի հաջողվում։ Երկուսի պարագայում էլ հստակ ապացույցներ կան պնդելու, որ բանտում սպանվել են։ Երկուսն էլ տարեց անձինք են` մեկը 79 տարեկան, մյուսն էլ` 80-ն անց»,–ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանից վերադարձած գերիներից շատ վկայություններ կան, որ ադրբեջանական բանտերում և գերեվարման ընթացքում անմարդկային վերաբերմունքի են արժանացել, այդ թվում և կանայք։ Հայաստան վերադարձած գերիների զգալի մասը բռնությունների հետևանքով դեռ հիվանդանոցներում բուժում են ստանում։

Համացանցում հրապարակվող գերիների ցուցակները ճշգրտված չեն. ՔԿ