ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ-ն արդեն 290 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Արցախ, ևս 90 տոննա բեռ տեղ կհասնի առաջիկայում: Այս մասին ՀՀ ԱԻՆ–ում կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրել է Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:
«Քննարկվել են երկու երկրների գործընկեր կառույցների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր՝ կապված Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի հետ: Եվգենի Զինիչևը նշել է, որ մեծ աշխատանք է իրականացվելու ծանր պայմաններում հայտնված մարդկանց աջակցելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ ևս մեկ անգամ ընդգծելով տարվող աշխատանքի մասշտաբայնությունն ու կարևորությունը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են