1 դոլար` 1 ծառ. Արցախում 50 հազար ծառ կտնկվի

Արցախի անտառներին և էկոհամակարգերին օգնություն ցուցաբերելու «Մենք ենք մեր ծառերը» արշավը մեկնարկում է «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն Արցախում 50 հազար ծառ կտնկի։ Ինչպես հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից, ծառերի տնկումն իրականացվում է «1 դոլար = 1 ծառ» բանաձևով։  Նվիրաբերելով մեկ դոլար` Դուք էլ մասնակցություն կունենաք Արցախի էկոհամակարգի վերականգման գործին։

Արցախի անտառներին և էկոհամակարգերին օգնություն ցուցաբերելու «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավը մեկնարկում է «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակներում:

Արցախի որ հատվածում ինչքան անտառածածկ տարածք է հրդեհվել. քարտեզ

«Ծառերն աճեցվելու են FPWC կողմից ստեղծված հատուկ տնկարանում, որտեղ կիրառվում է «թիրախային տնկման հայեցակարգ» (TCP) մեթոդը։ Աճեցման գործընթացը նախատեսվում է մեկնարկել 2021 թվականի մարտ ամսից, իսկ արդեն հոկտեմբեր ամսին բույսերը պատրաստ կլինեն տնկման համար ընտրված վայրերում»,–ասված է հաղորդագրության մեջ։

FPWC և ANF նախատեսում են հետևել ծառերի բնական աճին պայմանականորեն 5 տարի շարունակ։ Հետագա խնամքը ներառում է ոռոգման իրականացում ամռան ամիսներին, պահպանություն անտառապահների կողմից, ինչի միջոցով կկանխարգելվի տարածքների օգտագործումը որպես արոտավայրեր և խնամքի այլ եղանակների իրականացում։ «Այսպիսով, նվիրաբերելով ընդամենը 1 դոլար 1 ծառ տնկելու համար, հնարավոր կլինի Արցախում տնկել և աճեցնել շուրջ 50 000 ծառ»,–ասված է հաղորդագրության մեջ։

«Մենք ենք մեր ծառերը» արշավի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև GPS կոորդինատներով տվյալների հավաքագրման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա առավել լայն տեղեկատվության տիրապետել ծառերի աճի գործընթացի մասին և իրականացնել համապատասխան հետազոտություններ։

Արցախյան պատերազմի մի քանի շաբաթվա վնասը համեմատելի է մի քանի տարվա ՀՆԱ-ի հետ

2020 թվականի լայնածավալ պատերազմական գործողություններից հետո, տարածքների կորստի պատճառով, Արցախի բնակչության համար առաջացել է նոր մարտահրավեր` ջրի սակավության հնարավոր խնդիրը, քանի որ ջրային ռեսուրսների մեծ մասն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Բնականաբար, անտառները ծառայում են որպես ջրի հավաքման, պահեստավորման, զտման և հոսքի բնական համակարգ ՝ առվակների, թաց մարգագետինների և ջրհորների միջոցով:

Նվիրատվությանը մասնակցելու հղում՝ https://www.fpwc.org/hy/donate/ ։