ՌԱԴԻՈ

Ստացվում է` Թուրքիայի հետախուզական կենտրոն Արցախում. Վրթանեսյանը` համատեղ կենտրոնի մասին

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի ՊՆ-ի հայտարարությանը, որի համաձայն` Թուրքիան ու Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման հսկողության ու դիտարկման համատեղ կենտրոնի հարցում համաձայնության են եկել։
Sputnik
Ստացվում է` Թուրքիայի հետախուզական կենտրոն Արցախում. Վրթանեսյանը` համատեղ կենտրոնի մասին

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` Թուրքիայի ցանկացած ուժեղացում և առավել ևս ռազմական ներկայությունն Ադրբեջանում մեզ համար պարունակում է վտանգ։ Ու եթե դիտարկման համատեղ կենտրոնը տեղակայվելու է Աղդամում, Արցախից գրաված տարածքում, ապա մենք շատ վտանգավոր ներկայություն ենք ստանում։

«Այդ կենտրոնի առկայությունն իրականում խնդիր է նաև Ռուսաստանի համար։ Թուրքիան ավելի քան հարյուր տարի մեր տարածաշրջանում գրեթե ազդեցություն չուներ։ 1990-ականներին փորձեցին Ադրբեջանում հաստատվել, սակայն բավականին շուտ այնտեղից դուրս մղվեցին։ Խոսքը վերաբերում է հենց լուրջ ռազմաքաղաքական ներկայությանը»,– նշեց ռազմական փորձագետը։

Թուրքիան ու ՌԴ–ն կքննարկեն Ղարաբաղի դիտարկման կենտրոնում թուրքերի մնալու ժամկետները

Վրթանեսյանի կարծիքով` Թուրքիան Հարավային Կովկասում այժմ հաստատվում է այնպես, ինչպես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որովհետև այն շրջանում եղել է մի փուլ, երբ ավելի ներկայացված է եղել Ադրբեջանի տարածքում։   

«Դիտարկման ժամանակ թուրքական կողմի ի՞նչ օբյեկտիվության մասին կարող է խոսք լինել։ Ես որևէ հստակ նկարագրության չեմ էլ հանդիպել, թե նրանք կոնկրետ ինչով են զբաղվելու։ Փաստորեն, ստացվում է Թուրքիայի հետախուզական կենտրոն Արցախի տարածքում»,–նշեց ռազմական փորձագետը։

Նրա համոզմամբ` ադրբեջանական կողմը թուրքական ներկայությունը կարող է օգտագործել տարաբնույթ սադրանքների դիմելու համար, ավելին` նրանք վերջին ամիսներին, հրադադարի տարօրինակ հայտարարության ստորագրումից հետո, նման քայլերի դիմել են նույնիսկ առանց թուրքերի ներկայության։ Այնպես որ սադրիչ գործունեությունն, ըստ Վրթանեսյանի, ադրբեջանցիների համար դարձել է սովորական գործելակերպ։  

Արցախի հարցում ոչինչ չարեց, հիմա էլ Թուրքիային գործիք կդարձնի. Պողոսյանը` ԱՄՆ–ի մասին